Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/374

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Յուղը, ասում են, շատ է թանկացել,— խոսակցությունը ընդհատեց մի ուրիշը։— Դու քանո՞վ ծախեցիր, Մարկոս։

— Տասը մանեթով

— Ձո՞ւն քանով։

— Հարյուրը մեկ մանեթով։

— Լա՛վ է։

Այս բոլոր խոսակցության ժամանակ Ավետ ապերը լուռ էր, հետո նա էլ մեջ մտավ, ասելով․

— Ի՞նչ եք խելքներիդ զոռ տալիս, թե թանկ ծախեք, թե էժան ծախեք — դիփ մեկ է։ Ի՞նչ պետք է տուն տանեք։ Մենք որ կանք, քաղաքացիների ճորտերն ենք։ Տարին տասներկու ամիս աշխաատում ենք, վարում ենք, ցանում ենք նրանց համար։ Մեր ալյուրը, մեր յուղը, մեր պանիրը առնում են, ուտում են, փողն էլ իրանց ջիբն են դնում։ Հին պարտքը մնում է ու մնում։ Ամեն անգամ բեռներով քաղաք ենք գնում ու դատարկ ետ դառնում և ամոթով մտիկ ենք տալիս մեր կնիկների, մեր երեխերքի երեսին, երբ մեզանից հարցնում են, թե «քաղաքից» ի՞նչ բերեցիր մեզ համար։

Այս խոսքերը ամենի վրա տխուր ազդեցություն գործեցին, և կայծակնահարի նման բոլորը լռեցին։ Ոչինչ բան այնքան դառն կերպով չէ խոցում գյուղացու սիրտը, որպես այն տխուր հիշողությունը, երբ նա միտն է բերում, թե պարտքեր ունի։ Այստեղից հասկանալի էր Ավետ ապոր մի քանի ժամ առաջ ունեցած վրդովմունքի պատճառը, երբ նա իր ավանակները դեռ նոր էր բեռնում քաղաքը տանելու համար, երբ նա մտածում էր, թե այն բեռները,— իր քրտինքի և աշխատության արդյունքը,— իրան չեն պատկանում․․.

Բայց Կալոյի ուրախ խումբը, որ առաջ ընկած քշում էին ավանակների քարավանը, զբաղված էր բոլորովին այլ խոսակցությամբ։ Նրանք ազատ էին իրանց ծնողների հոգսերից, որովհետև դեռ ոչ ոքի պարտամուրհակ տված չունեին։

— Սաքի,— հարցրուց Կալոն,— դու քաղաքը տեսե՞լ ես, այնտեղի գառները ո՞րտեղ են արածացնում։

Սաքին, որ հասակով իր ընկերներից մեծ էր, որ քանի տարի մնացել էր քաղաքում, պատասխանեց․

— Քաղաքացիները ոչխար չունեն, գառներ չեն պահում։

— Բա նրանց տղերքը ի՞նչ են շինում, որ գառներ չեն արածացնում,— կրկին հարցրուց Կալոն։

— Կարդում են։