Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/375

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Նրանց տերտերը ինչո՞վ է ծեծում, երբ դասը չեն սովորում։

— Նրանք տերտերից դաս չեն առնում, ըշկոլումն են կարդում։

— Ըշկոլն ի՞նչ է

— Սաթին չգիտեր ինչ պատասխանել և հարևանցիորեն ասաց․

— Ըշկոլը շկոլ է․․․ չե՞ս իմանում։

Մի ուրիշ տղա հարցրուց.

Քաղաքի տղերքը ով գիտի ինչ լավ տրեխներ կունենան։

— Նրանք տրեխներ չեն հագնում, սապոկներ են հագնում,— պատասխանեց Սաքին։

— Սապոկը ի՞նչ է։

— Այն էլ ռսի տրեխ է։

— Այնտեղ մոշ կա՞, զկեռ կա՞, հարցրուց մի ուրիշը։

— Չկա, ծմակը հեռու է քաղաքից։

— Բա՛ քաղաքի տղերքը ի՞նչ են ուտում։

Սաթին չգիտեր ինչով գոհացնել իր ընկերների հետաքրքրությունը, որ դառնում էին նրան զանազան հարցերով։ Նա կարճ կերպով նկարագրեց քաղաքի կյանքը, որքան իրան հասկանալի էր, ասաց, թե այնտեղ մեծ տներ կան, բազար կա, թե եզան ու գոմեշի տեղ ձի են լծում, սայլերը (կառքերը) բանեցնում են միայն նստելու համար և ավելացրուց, թե քաղաքացի տղերքը գյուղացի տղային ծաղկում են և պատահած ժամանակը ծեծում են։

Վերջին խոսքը գրգռեց Կալոյի բարկությունը, և նա իր երկայն ցուպը բարձրացնելով, սպառնացավ.

— Տեսնում ե՞ս մըհակս, էնպես կչափեմ նրանց բարակ մեջքից, որ ավա՜յ, նանի» կկանչեն։


Դ

Ե... քաղաքը գտնվում էր այն գետի ափի մոտ, որ իր սկիզբն առնում է Գեղամա լճից։ Նա այն քաղաքներից մեկն էր, որ իսպառ չէր թոթափել իրանից պարսկական փոշին, և ուր հայն էլ թուրք է, իսկ թուրքն ավելի թուրք է, և որտեղ կնիկները իրանց ծամերը ներկում են հինայով, իսկ տղամարդիկը նեղ պանտալոնի հետ քոշեր են հագնում։

Երկրորդ ավուր երեկոյան պահն էր, երբ Ավետ ապերը գյուղից բերած մթերքը ծախելուց հետո եկել, կանգնել էր մի հարուստ