Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Է

Սարհատի հետ բավական ծանոթ է ընթերցողը, հարկավոր է փոքր ինչ ծանոթանալ և նրա ընկերների հետ, որոնցից կազմված էր նրա հրոսակը։ Չնայելով, որ Սարհատն էր պետը և գլխավորը իր խումբի, բայց բոլորին «եղբայր» էր կոշում, և իրավ, այս կոչմանը արժանի էին նրանք, միացած լինելով եղբայրական խիստ սերտ կապերով։ Նրա խումբը հավաքված էր զանազան տեղերից զանազան ժամանակներում, որոնց թիվը տասն և երկուսից խիստ հազիվ էր անցնում։ Նրանց մեջ կային սասունցիք, զեյթունցիք, շատաղցիք, դիարբեքիրցիք, նրանց մեջ կային՝ մի քահանա Խարբերդի քրդախոս հայերից և մի վարժապետ։ Այս վերջինը Կ. Պոլսում բարեգործական նպատակով կազմված մի ընկերության անդամ էր, որ ուղարկվել էր Վանա կողմերի գյուղորայքում կրթություն տարածելու, բայց ռուս-թուրքական պատերազմի խռովությունների ժամանակ նա միացավ Սարհատի խումբի հետ, երբ քրդերը նրան իր գյուղական դպրոցի մեջ աշակերտների առջև սաստիկ ծեծեցին, և նրա սանիկներից մի քանիսը առևանգեցին, և մի քանի օրից հետո կրկին բաց թողեցին։

Սարհատի խումբը կազմված էր քուրդի կերպարանքով և գործում էր քուրդի անունով։ «Հայ» անունից խորշում էր նա, ոչ թե այն պատճառով, որ այդ անունը ատելի էր նրան, այլ ընդհակառակն, սիրում էր նա հայությունը,— բայց այդ անունը անհամապատասխան էր գտնում թե՝ իր պաշտոնին և թե՛ նպատակներին։ Իր թափառական կյանքում, թե՝ նա ինքը և թե՝ իր խումբը անդադար զարկվում էին քրդերի հետ, և անդադար որևիցե թշնամական հաշիվ էին վերջացնում այս և այն մահմեդական ցեղի հետ, բայց եթե ցույց տային, թե իրանք հայեր են, այն ժամանակ իրանց հակառակորդները կարող էին վրեժխնդիր լինել այն ողորմելի և անպաշտպան հայերից, որոնք գուցե Սարհատի գոյության մասին ամենևին տեղեկություն ևս չունեին։

Սարհատը իր խումբի հետ Դիարբեքիրի կողմերումն էր, երբ լսեց քուրդերի կատաղի շարժումը, երբ իմացավ Ջալալեդդինի սարսափելի դիտավորությունը և երբ հայտնի եղավ նրան Շեյխ Իբադուլլահի դժոխային խորհուրդը։ Նա իսկույն յուրայիններով շտապեց դեպի Աղբակա կողմերը։ Երկու ցանկություն նրան քաշեցին դեպի իր հայրենիքը, որին վաղուց մոռացել էր աոաջինը: Աղբակը քուրդերի արշավանքի գծի վրա գտնվելով, ավելի պետք