Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/397

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առևտրական գործողությունների հաշվետոմարը իր դուքսն էր։ Մի զարմանաքի հիշողություն իշխում էր ամեն բանի վրա։ Նա գիտեր քանի տեսակ ապրանքներ կան իր խանութում, այսինչ տեսակից ո՛րքան է ծախվել, ո՛րքան մնացել, ի՛նչ է յուրաքանչյուրի գինը, քա՛նիով պետք է ծախել, որ վաստակ մնա,— բոլորը գիտեր նա։ Գիրը նա գործ էր դնում միայն պարտականների համար։ Այս բանի մեջ նրա հիշողությունը նույնպես հրաշալի գործ էր կատարում։ Երևակայեցեք ձեզ մի արկղիկ, լցված հազարավոր թղթերի կտորտանքով, դրանք բոլորը զանազան անձերի պարտամուրհակներ են, որոնք խանութի ապրանքների նման անկարգ խառնած են միմյանց հետ։ Բայց Մասիսյանը բոլորը ճանաչում էր, թե որն ումն է պատկանում, թեև ինքը կարդալ չգիտեր։ Եվ երբ հայտնվում էր մի պարտական, նա իսկույն ջոկում էր շատերի միջից նրա մուրհակը և, առանց կարդալ տալու, ասում էր, թե որքան է անցել ժամանակից, որքան կլինի տոկոսը, որքան իսկական գումարը և այլն։ Ոչ միայն այդ, այլ տասն տարվա հնացած մի հաշիվ նա կարող էր կոպեկներով տեղն ու տեղը ասել։ Եվ իր կյանքի մեջ պատահած բոլոր անցքերը նա կարող էր մանրամասնաբար պատմել, թե ի՛նչպես կամ ո՛րտեղ պատահեց, ո՛ր թվին, ո՛ր օրը, ո՛ր ժամին, ո՛վ կար այնտեղ, ի՛նչ խոսեցին և այլն։ Հիշողությունը նրա մեջ այն աստիճան զարգացել էր, որ գերբնական բնավորություն էր ստացել։ Եվ այս պատճառով նա հաշվապահության կարոտություն չէր զգում, երբ մի բան պակաս էր խանութից կամ մի բան գողացվել էր, անկարելի էր, որ նրա նկատողությունից անհայտ մնար։

Հիշյալ հատկությունների հետ չափազանց իր գործին արի և գգույշ էր Մասիսյանը։ Ժամատան դեռ առաջին զանգակի ձայնը չլսված, նա միշտ հագնված և պատրաստ էր։ Տանից դուրս գալով, իր անխափան սովորության համեմատ, նա առաջ գնում էր ժամ։ Այնտեղ մնում էր մինչև վերջը։ Ժամից ուղղակի դիմում էր բազար, երբ արեգակը դեռ ծագած չէր լինում, (ժամը այս կողմերում սովորաբար շուտ է արձակվում)։ Միքայելը մի մեծ զամբյուղ թևից քարշ գցած, վաղուց արդեն սպասում է աղային, մեյդանում (հրապարակում) կանգնած։ Աղան նույնպես առաջ կգար մեյդանը, որ տեսներ, թե գյուղացիք ինչ են բերել ծախելու։ Բոլոր գյուղացիներին ճանաչում էր նա անուններով, հոր, որդիների և մինչև անգամ նրանց կնիկների անուններով։ Ամենին կմոտենար, ամենի հետ քաղցրությամբ կխոսեր, ամենի քեֆը կհարցներ և