Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որին այժմ կոչում էին Դալի-Բաբա[1]։— Այս խաչով (նա ցույց տվեց իր սուրբ) Հարտոշիների գլխին մի լավ «պահպանիշ» կկարդամ։

— Դեպքը, իրավ, գեղեցիկ է, այս կիրճի մեջ մի զվարճալի խաղ կունենանք Հարտոշիների հետ,— ասաց ոգևորված վարժապետը, որին այժմ կոչում էին Քիթաբ-Դալիսի[2]։

— Հարտոշիների հետ լավ է գործ ունենալ նեղ ծակերում այդ անիծվածները իրանց բերաններից էլ են կրակ փչում,— ասաց սասունցի Հարոն, որին կոչում էին Սասուն Այըսը, այսինքն՝ սասունի արջ։

— Այդ դատարկախոսություններով ժամանակ ենք կորցնում, Հարտոշիները հեշտ ուտելու պատառ չեն...— նկատեց զեյթունցի Ներսոն, որին կոչում էին Զեյթուն-Քայասը, այսինքն՝ Զեյթունի ժայռ։

— Իրավ, Ժամանակը թանկ է մեզ,— խոսեց Սարհատը,— մտածենք գործի վրա։ Հարտոշիները ձեզ հայտնի են իրանց քաջությամբ, նրանց հետ երեխայի խաղ ունենալ անմտություն է։ Մեզ կնպաստե միայն տեղը և դիրքը, և այս պատճառով ես ընտրեցի այս կիրճը։ Ձեզանից ամեն մեկը թաքնված կլինի քարաժայռերի ետևում և այնքան կսպասե, մինչև ամբողջ քարավանը կլցվի կիրճի մեջ, այն ժամանակ դուք պետք է բաժանվեք երկու մասն, յոթ հոգի պետք է փակե կիրճի մուտքը, իսկ յոթ հոգի՝ նրա ելքը։ Մենք 14 հոգի ենք։ Ես կտամ հարձակողական նշանը բազեի ձայնով։ Աշխատեցեք, որքան կարելի է, հեռու մնալ արյունհեղությունից։ Խոսեցեք միշտ Ռավանդների բարբառով, որովհետև Ռավանդները Հարտոշիների հետ մի թշնամի ցեղ են. թող նրանք կարծեն, թե գործ ունեն Ռավանդների հետ։ Եթե անձնատուր եղան, պայմանների մասին կխոսեմ ես։ Հարձակումները միշտ մի տեղից, կամ մի կողմից չպետք է լինեն, շուտ-շուտ փոխեցեք ձեր դիրքը, որ թշնամին կարծե, թե բազմաթիվ եք։ Փախչելու աշխատողներին իսկույն ծակեցեք, որ ուրիշ տեղ խաբար չտանեն։

Սախկալ-Թութանը այն սարսափելի կիրճերից մեկն էր, որի նմանը շատ անգամ հանդիպում է Հայաստանի լեռներում. նրա աջ և ձախ կողմերից սեպացած ժայռերը պարսպաձև բարձրանում

  1. Դալի-Բաբա նշանակում է գիժ հայր, այդ անունը խիստ հատկանիշ էր նրա տարապայման բնավորությանը, որ փոխել էր քրիստոնեական ներողամտությունը հին կտակարանի վրեժխնդրության հետ:
  2. Քիթաբ-Դալիսի նշանակում է գրքից խելագարված