Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էին, մեջտեղում թողնելով մի նեղ անցք, որի միջով քարավանը անցնելու համար հարկավոր էր, որ բոլոր գրաստները մինը մյուսի ետևից շարված լինեին, որովհետև մոտեմոտ գնալու համար բավական նեղ էր ճանապարհը։

Նրանք գտան քարավանը այս դրության մեջ շարված կիրճի մուտքից սկսյալ մինչև նրա ելքը։ Հոգնած քարավանը խիստ դանդաղ էր ընթանում։ Սարհատը գործն այնքան ետ ձգեց, մինչև արևը մտավ և բոլորովին մթնեց։ Բայց լուսնյակ գիշեր էր։ Այնուհետև նա, վեց հոգի իր հետ առնելով, կտրեց կիրճի ելքը, իսկ վեց հոգի Դալի-Բաբային հանձնելով, պատվիրեց կտրել կիրճի մուտքը։ Քարավանը մնաց մեջտեղում նեղ փապարում լցված։ Քարավանը նույն դրության մեջ էր գտնվում, որպես թե ածած լիներ մի հսկայական խողովակի մեջ, որի երկու ծայրերը փակված էին։

Բազեի սուր և ձգական ձայնը հնչեց, որպես թե մոտենում է իր որսին։ Զանազան տեղերից լսելի եղան հրացանների որոտմունքներ։ Կիրճի մեջ սկսվեց մի աղմկալի իրարանցում և բարձրացավ խուլ դղրդյուն։ Հարտոշիները կատաղած գազանների նման սկսեցին այս կողմը և այն կողմ վազվզել․ բայց ամեն տեղ հանդիպում էին որոտացող կրակների։ Առյուծը ընկած էր երկաթի վանդակի մեջ։

Քուրդը վտանգի րոպեներում ցույց է տալիս իր բնավորության բոլոր վսեմությունը։ Նա վիշապ է դառնում և կամենում է լեռները, ժայռերը կլաներ: Կիրճի ահագին պարսպաձև շղթաները ևս ոչինչ էին թվում կատաղած Հարտոշիի աչքին նա վագրի նման մագլցում էր սեպացած ժայռերը, որ վեր բարձրանա և դեմառ-դեմ հանդիպի թշնամուն։ Բայց բնությունը հաղթող էր հանդիսանում՝ վագրը սարսափելի բարձրությունից կրկին գահավիժվում էր, կրկին գլորվում էր ցած։

Կիրճի մեջ քրդերի կատաղի աղաղակը, գերիների լացն ու կոծը, աջ և ձախ որոտացող կրակների բոմբյունը, միախառնվելով, կազմում էին խիստ սոսկալի ներդաշնակություն։ Կռիվը երկու կողմից ևս շարունակվում էր գազանային համառությամբ։ Քրդերը վճռել էին մինչև վերջին շունչը ընդդիմանալ։ Այն ժամանակ բազեի խորհրդական ձայնը նորից երեք անգամ հնչվեցավ, դա նշան էր, թե պետք չէ գթալ։ Գնդակները կարկուտի արագությամբ սկսան թափվել կիրճի մեջ։

Պարզ-լուսնային գիշերը բավական նպաստում էր կովին, և