Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/497

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ իրավ, ի՞նչ էր կորցրել այդ միշտ անբախտ ընտանիքը։ Ի՞նչ բանից էր զրկվել նա։— Ոչնչից։

Մասիսյանի հարստությունը նրա ընտանիքի համար մի երևակայական ցնորք էր, որպես նույնիսկ «ոսկի աքաղաղի» գոյությունը։ Ընտանիքը միայն լսել էր, թե հարստություն ունի, իսկ այժմ լսում էր, թե այն հարստությունը այլևս չկա։ Մասիսյանի հարստությունը առևտրական հրապարակի մի լոկ դարդ էր, նրա բարիքները չէին թափանցում ընտանեկան շրջանի մեջ, որ միշտ զուրկ էր կյանքի անհամեմատ վայելչություններից անգամ։ Եվ որովհետև ընտանիքը մասնակից չէր հարստության վայելման մեջ, բնականաբար այժմ չէր կարող ցավ զգալ նրա կորստյան համար։ Հարստությունը պատկանում էր մի մարդու միայն և նրա հետ գերեզման մտավ։ Այդ մարդը «աղան» էր...

Բայց կար և մի ուրիշ պատճառ, որի մեջ Մասիսյանի ընտանիքը մխիթարություն էր գտնում։ Միքայելի քաղցր վարմունքը, նրա անկեղծ անձնազոհությունը, նրա ջերմ կարեկցական սերը բոլորովին մոռանալ տվեցին դժբախտությունները։ Միքայելի մեջ գտնում էին ամենը, ինչ որ կորցրել էին։

Որքան երջանկություն է բերում ընտանիքի մեջ սերը, միաբանությունը, ազատությունը, մանավանդ երբ իշխում է նա տիրող բռնակալությունից հետո։ Դա ջերմ-լուսապայծառ ավուր բերկրությունն է ազդում, երբ անցել էր բքաբեր փոթորիկը։ Մասիսյանի ճնշված, տանջված և տարիներով մի ուրախ օր չվայելած ընտանիքը հանկարծ իրան մի նոր աշխարհի մեջ էր գտնում, երբ Միքայելը մտցրեց այնտեղ կյանքի լույսը և ջերմությունը։ Այդ ընտանիքը, ուր կինը բացի նրանից, որ կտրված էր արտաքին աշխարհից, այլ իր գերդաստանական նեղ շրջանի մեջ ևս դարձյալ զուրկ էր տղամարդի հարակցությունից, այժմ դեռ նոր էր առնում մարդկային վայեյչության այն քաղցր համը, որ մատակարարում էր նրան ընկերական կյանքը։ Նա դեռ նոր էր հասկանում, որ երջանկությունը և բարօրությունը միայն դրամի մեջ չէ կայանում, դրամի, որի ժանգից ամբարված և անշարժ դրության մեջ թույն է գոյանում, այլ կա և մի ուրիշ բան, որը երբ պակասում է՝ ընտանեկան օջախը դժոխքի է փոխարկվում։ Հանգուցյալ աղայի օրերում այս տունը կատարյալ դժոխք էր. իսկ Միքայելը մտցրեց այնտեղ այն կենագործող զորությունը, որ դժոխքը դրախտի է փոխում, դա էր — սերը։

Անցավ ամառը, տիրեց ձմեռը։ Այդ երկու եղանակները իրանց