Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/496

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այժմյան Հռիփսիմեն չէր մի քանի շաբաթ առաջվա ամոթխած և երկչոտ Հռիփսիմեն, այլ նույն փոքրիկ, ուրախ և աշխուժով լի Հռիփսիմեն, ինչ որ հինգ-վեց տարի առաջ, երբ մի անգամ վարդավառի տոնին ոտքից ցգլուխ թրջեց Միքայելին, և զոռով ստիպում էր, որ իր նոր հագուստը հագնե։ Իսկ այժմ Միքայելը կանգնած էր նրա առջև, ճաշակով հագնված, բարեկիրթ մի երիտասարդ, որի յուրաքանչյուր ձևերից երևում էր ազնիվ և շիտակ մարդու ուղղամտությունը։ Նա ընդունեց օրիորդի հրավերը և նրա հետ մտան տիկին Մարիամի սենյակը, ուր նա իր աղջիկների հետ բոլորել էին ընթրիքի սեղանի շուրջը։

Այգու անցքից հետո Մասիսյանների ընտանեկան հարաբերությունները Միքայելի հետ բոլորովին փոխվեցան․ այժմ նա վայելում էր այդ գերդաստանի անդամակցության կատարյալ ազատությունը։ Տիկին Մարիամը նրան ասում էր․ «Ես այժմ երկու որդի ունեմ, մեկը դու ես, մյուսը՝ Ստեփանը»։ Գայանեն, Հռիփսիմեն և Նունեն առանց քաշվելու մտնում էին նրա սենյակը, մաքրում էին, կարգի էին դնում և շատ անգամ կցում էին նրա հետ փոքրիկ խոսակցություններ։ Ճաշը և ընթրիքը միասին էին ուտում և երբեմն առավոտյան թեյը միասին խմում, եթե մի կարևոր գործ չէր պահում Միքայելին իր առանձնարանում։ Երեկոյան զբոսանքը պարտեզում և զրույցները մանուկ օրիորդների հետ արդեն սովորական էին դարձել։ Միքայելը ըստ մեծի մասին պատմում էր նրանց իր ճանապարհորդություններից և խոսում էր շատ բաներ Մոսկվայի ու Եվրոպայի կյանքից։ Իսկ այն գիշեր մի առանձին խոսակցություն ընթրիքի սեղանի վրա տեղի չունեցավ, միայն Միքայելը հաղորդեց Ստեփանից ստացած նամակի բովանդակությունից այնքան միայն, որքան կարելի էր։

Ժ

Մասիսյանի ընտանիքին հասած դժբախտությունը և ահագին հարստության մի քանի օրվա մեջ ոչնչանալը իսկապես այն դառն և աղետալի ներգործությունը չունեցավ թշվառ ընտանիքի վրա, որքան սպասելի էր։ Կյանքը շարունակվում էր իր սովորական ընթացքով, ոչինչ չէր փոխվել, ոչինչ չէր պակասել, և կարելի էր ասել, որ այժմ ավելի կենդանի ու ավելի խաղաղ կերպարանք էր ստացել։