Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/504

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պետք է աշխարհ մտցնել, որ մի փոքր կրթվի, բան սովորի։ Նա շատ լավ աղջիկ է, շատ խելք ունի, բայց դեռ շատ բան պակասում է նրան օրինավոր կին լինելու համար։

— Այս բոլորը չհայտնեցի՞ր մորս։

— Ի՞նչպես չհայտնեցի, նա էլի իր ասածն է ասում՝ «աղջիկս եթե ինձանից հեռացնես, ես ցավից կմեռնեմ», և ուրիշ այսպիսի խոսքեր։ Ես չեմ հասկանում, մի՞թե լավ կլինի, որ պսակվեմ, թողնեմ ու գնամ տարիներով մնամ օտարության մեջ, որպես անում են այդ մեր հայ վաճառականները։ Ես կցանկանայի գիտենալ, թե Հռիփսիմեն ի՞նչ է մտածում, առավոտից նրան չեմ տեսել։

— Նա այսօր սպանվածի պես է, այս և այն անկյունն է մտնում և լուռ լաց է լինում։

— Խե՜ղճ աղջիկ։

Միքայելի խոսքերը, կարծես, բաց արեցին Նունեի հին վերքերը, և նա բավական զգալի ձայնով պատասխանեց.

— Այսպես, սիրելի Միքայել, ծնողների նախապաշարմունքը շատ անգամ պատճառ է դառնում զավակների անբախտությանը: Մեր գերդաստանի վրա, կարծես մի անեծք կա, որ նրա որդիները երբեք բախտավոր լինել կարող չեն։ Մեծ քույրս ինքն իրան խեղդեց... ա՜խ, որքան բարի, որքան սիրուն աղջիկ էր նա. նրա մահվան մեջ մի այնպիսի գաղտնիք կա, որ անկարելի է առանց սարսափելու լսել... Իսկ իմ պատմությունը քեզ հայտնի է. ես ինչո՞վ եմ մեղավոր, որ այժմ աշխարհը ինձ դատապարտում է որպես վատ կին։ Իմ մայրը իսկապես լավ կին է. բայց ի՞նչ անես, նա անում է այն, ինչ որ տեսել, ինչ որ սովորել է...

Խեղճ կինը իր սրտի հետ դուրս էր թափում դառն վշտերը. նա իր կյանքում այնքան տանջվել էր սև նախապաշարմունքներից, որ նրա բոլոր ճնշող զորությունը իր անձի վրա էր փորձել: Երբ ամեն ինչ ասաց, նա դարձավ դեպի Միքայելը այս խոսքերով.

— Դու անհոգ կաց, սիրելի Միքայել, ես կգնամ մորս մոտ և ամեն ինչ կվերջացնեմ, որպես դու ցանկանում ես։ Մենք, բոլոր քույրերս անբախտ եղանք, գոնե թող Հռիփսիմեն բախտավորվի...


Մի շաբաթից հետո Ե... քաղաքի եկեղեցիներից մեկի մեջ կատարվում էր պսակի խորհուրդ։ Հռիփսիմեն և Միքայելը ուրախ