Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/503

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նունեն ուղղում էր վառարանի մեջ դրած փայտերը, որ վատ էին վառվում և թացությունից ծխրտում էին և սուլելով արձակում էին մի տեսակ մելամաղձական ձայն։

— Կրակը հառաչում է...— խոսեց Նունեն սնահավատությամբ,— դա վատ նշան է...

— Ինչո՞ւ,— հարցրեց Միքայելը, կարծես զարթնելով իր մտահուզությունից։

— Չեմ իմանում, այսպես ասում են, երբ կրակը տխուր ձայն է արձակում. ասում են՝ լաց է լինում պատասխանեց մանկահասակ կինը, չհեռանալով վառարանի մոտից։

— Ամեն մի թարմ նյութ, որի մեջ մնացել էին կյանքի նշույլները, այսպես տխուր ձայն է հանում, երբ մոտեցնում ես կրակին...— նկատեց Միքայելը։

— Ինչպես քո սիրտը... — ասաց Նունեն խորհրդական ժպիտով։

— Եվ ինչպես քո քրոջ՝ Հռիփսիմեի սիրտը...— կրկնեց Միքայելը։

— Հանաքը մի կողմը կենա, ինչո՞ւ կռվեցաք մորս հետ,—հարցրեց Նունեն, մոտենալով և նստելով Միքայելի մոտ։

— Չկռվեցանք, բայց բավական տաք կերպով վիճեցինք։ Մի՞թե մայրդ ինձանից վիրավորվել է։

— Չի վիրավորվել... բայց սիրտը մի փոքր կոտրված է երևում...

— Դու ինքդ դատի՛ր, Նունե, մի՞թե կարելի է այս աստիճան նախապաշարված լինել։ Մեր վիճաբանությունը այստեղից սկսվեց, ես հայտնեցի իմ սերը, համբուրեցի մորդ աջը և խնդրեցի Հռիփսիմեի ձեռքը։ Նա ուրախացավ, շատ ուրախացավ, համբուրեց իմ ճակատը և օրհնեց մեզ։ Հետո, երբ խոսք եղավ պսակի մասին, նա ասաց, թե ես պետք է մի քանի ամիս ևս սպասեմ, մինչև աղայի մահվան օրից մի տարի անց կենա, որովհետև մարդիկ կբամբասեն մեզ, եթե, սգավոր տարին չլրացած, մենք հարսանիք կանեինք։ Դրա վրա մենք վիճեցինք։

— Ինչո՞ւ ես շտապում։

— Դու էլ քո մոր խելքին ես, Նունե, դու չես իմ անում իմ նպատակները. ես պետք է կրկին վերադառնամ Մոսկվա. եթե մի քանի ամիս ես այստեղ ուշանամ, ես անպատճառ կկորցնեմ իմ կլիենտները, որոնց համար զանազան վաճառականական գործեր էի կատարում, և ես կզրկվեմ իմ շահերից, իմանում ե՞ս։ Բացի դրանից, ես Հռիփսիմեին պետք է ինձ հետ վեր առնեմ. նրան