Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/512

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրանք այդ երազի վրա տեսնում էին ռուս ռևոլյուցիոն դեմոկրատ Չերնիշեսկու ազդեցությունը:

Րաֆֆին հանդես եկավ հատուկ հոդվածաշարով «Մշակ» Լրագրում և սպանիչ քննադատության ենթարկեց Հայկունուն, սակայն բնավ չփորձեց ժխտել նրա այս պնդումը, որ վերաբերում էր Չերնիշևսկու ազդեցությանը:

Պետք է նշել, որ «Խենթը» վեպի Վարդանի երազն, իր բոլոր առավելություններով հանդերձ, ստվերոտ է, զերծ չէ նացիոնալիստական երանգից, որն արտահայտվել է քրդերին հայերի հետ ձուլելու մտայնության մեջ, սակայն այդ բնորոշ չէ Րաֆֆու պրոգրեսիվ աշխարհայացքի համար, նա մեծ հումանիստ է և բոցաշունչ հայրենասեր:

ՈՍԿԻ ԱՔԱՂԱՂ

«Ոսկի աքաղաղ» վեպը Րաֆֆին գրել է 1870-ական թվականների սկզբներին, բայց առաջին անգամ լույս է տեսել 1879 թ. «Մշակ» լրագրում։ Այնուհետև այդ վեպը արտատպվել է և հրատարակվել է առանձին գրքով 1882 թ. Թիֆլիսում և 1903 թ.` Բաքվում։ «Ոսկի աքաղաղ»-ը հրատարակվել է Կ. Պոլսում 1922 թ. և Ալեքսանդրիայում` 1937 թ.։

«Ոսկի աքաղաղ»-ը Հայպետհրատի կողմից հրատարակվել է մի քանի անգամ` 1927, 1950 (Երկերի ժողովածու, հատոր 2-րդ), 1954, 1955 (Երկերի ժողովածու, հատոր 3-րդ) թվականներին և ապա` սույն հրատարակությունը: «Ոսկի աքաղաղ» վեպը լույս է տեսել նաև ռուսերեն, գերմաներեն և այլ լեզուներով: «Ոսկի աքաղաղ»-ը ռուսերեն լեզվով առաջին անգամ հրատարակվել է 1892 թվականին Թիֆլիսում Ն. Մ. Կարա-Մուրզայի թարգմանությամբ։

Րաֆֆին իր «Ոսկի աքաղաղ»-ը վեպում դիմակազերծել է և խստորեն քննադատել առևտրա-վաշխառուական բուրժուազիային, որին վիպասանը անվանել է «մռայլ դասակարգ»։ «Ոսկի աքաղաղ»֊ը հայ ընթերցող հասարակության սիրած գրքերից մեկն է։