Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նպատակը, որի համար եկել էր։ Նա տեսավ, որ այժմ իր սիրելի տերը ձեռնարկում էր մի այնպիսի հանդուգն և վտանգավոր գործի, որից հազիվ կարող էր ողջ դուրս գալ։ Ի՞նչ անել. մնալ նրա մոտ, նրա հետ միասին կռվել և նրա հետ մեռնել.— այդ շատ էր ցանկանում բարի Մըստոն։ Բայց մյուս կողմում, մի աղջիկ, մի նազելի հրեշտակ, որին այնքան սիրում էր Սարհատը, որին ինքը վաղուց էր ճանաչում, որ այժմ գտնվում էր շեյխի բազմաթիվ գերի հարեմականների մեջ,— և այդ թշվառը նույնպես օգնության կարոտ էր, նույնպես պետք էր ազատել նրան։ Դեպի ո՞րը դիմել։ Մի կողմում կանգնած էր իր մանկության ընկերը, մյուս կողմում — նրա սիրուհին։ Նա ընտրեց վերջինը, և առանց հայտնելու Սարհատին միայնակ դիմեց դեպի շեյխի բանակը։

Նրա գնալուց հետո անակնկալ հարձակումը կատարվեցավ կայծակի արագությամբ։ Ջահերը իսկույն խորտակվեցան։ Ձորի մեջ տիրեց ընդհանուր խավարը խորին զարհուրանքի հետ։ Սարսափելի կոտորածը սկսվեցավ։

Խիստ ահռելի բան է ձեռնամերձ կռիվը, մանավանդ նեղ տեղում, այն ևս գիշերային խավարի մեջ։ Մի այնպիսի օրհասական կռվում սուր երկաթը սոսկալի գործ է կատարում մարդկային մարմնի հետ։ — Կենդանի մարդը մահ զգեցած, կռվում է մահ գործելու համար։

Մի քանի ժամ կռիվը երկու կողմից ևս շարունակվում էր գազանային համառությամբ։ Ընդհանուր խռովության մեջ շատ անգամ ընկերը իր սուրը ընկերի կողքն էր մխում։ Հուսահատական դա՜ռն աղաղակները խառնվել էին զենքերի շաչյունի հետ։ Թե՛ սպանողը և թե՛ սպանվածը շաղախված էին տաք արյունի մեջ։ Դիակները ոտքերի տակ ավելի ու ավելի խորտակվում էին։

Ձորը կրկին լուսավորվեց։ Լուսինը դուրս եկավ մոխրագույն ամպերի ետևից, կարծես, ցանկանում էր ականատես լինել մի գեղեցիկ գործի։ Նույն միջոցում հանդիսացավ մի սրտաշարժ տեսարան։ Մերկ կանանց խումբը բավական էր, որ հասկացավ, թե կռիվը իրանց ազատության համար է.— նրանք կատաղի ֆուրիաների նման իրանք էլ խառնվեցան կռվի մեջ։ Սարսափելի բան է կնոջ մոլեգնությունը, երբ առաջ է գալիս անձնական վրեժխնդրությունից։ Այսպիսի րոպեներում կինը մոռանում է իր կնությունը. նա դառնում է մահվան հրեշտակ և սկսում է իր ձեռքը մխել այն սրտի մեջ, որը անարգաբար ոտքի տակ տվեց իր պատիվը։ Այն կանայք, որ մի քանի ժամ առաջ, բռնության կոպիտ ձեռքից ստիպված,