Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մերկ կանանց շարքը անդադար պտտվում էր թմբուկների եղանակով։ Տղամարդիկ նրանց բոլորակի միջնավայրում նստոտած, երգում էին, ծափահարում էին, գոռում էին և գոչում էին, և հերոսներից ամեն մեկը երբեմն իր թաշկինակը ձգում էր հավանած կնոջ վրա, և իսկույն սրտերի հակառակ մի զույգը — մի հրեշտակ և մի դև — առանձնանում էր մերձակա թփերի մեջ։

Մարդկային անգթությունների մեջ չկա մի ավելի սարսափելի բան, քան թե այն, երբ անմեղ ողջախոհությունը զոհվում է կատաղի բռնաբարության։ Այսպիսի անգթության մեջ ընդունակ է մարդը միայն, բայց գազանները և անասունները ավելի բարոյական են իրանց էգերի վերաբերությամբ։

Մինչ գիշերային մթության մեջ, ջահերի լուսավորության հանդեպ կատարվում էին այդ անամոթ զվարճությունները, բլուրի գագաթից անհայտ մարդերի մի խումբ խորին զզվանքով դիտում էր բոլորը։ Ընթերցողը արդեն գուշակեց, թե ովքեր էին դրանք։

— Պետք է վրա տալ,— ասաց Աարհատը։

— Շատ են անիծածները,— ասաց Դալի-Բաբան։

— Միևնույն է, եթե մեզ պետք էր մի օր մեռնել, լավ է, որ այստեղ լիներ,— պատասխանեց Սարհատը։

— Բայց դու կկորցնես Ասլիին, որի համար եկել ես,— ասաց Դալի-Բաբան։

— Այս կնիկներից ամեն մեկը նույնքան մեր ցավակցության արժանի է, որքան Ասլին,— պատասխանեց Սարհատը։

Ազնիվ երիտասարդը մոռացավ իր անձնական սերը, նրան գրավում էր այժմ կնիկների վիրավորված և անարգված պատիվը։

— Պետք է հանկարծ վրա տալ,— ասաց Դալի-Բաբան,— և աշխատել առաջ ջահերը խորտակել, խավարի մեջ ավելի հեշտ կլինի գործը։

— Երկինքն էլ մեր բախտից ամպում է, ահա լուսինը այլևս չէ, երևում,— նկատեց Քիթաբ֊Դալիսին։

— Կռվեցեք սրերով միայն,— խորհուրդ տվեց Սարհատը,— հրացան գործիքներով աղմուկ կբարձրացնեք, բանակը շատ հեռու չէ այստեղից, թող ձայնը այնտեղ չհասնի։

Քրդերի մոտ էլ չկային հրացան գործիքներ. նրանք, որպես իրանց տանը, վեր էին առել թրեր և դաշույններ միայն, և այնպես հեռացել էին բանակից, ամեն մինը իր հետ բերելով իր զոհը։

Այդ միջոցում Մըստոյի դրությունը անտանելի էր. նա տեսավ, որ Սարհատը բոլորովին մոռացավ Ասլիին, բոլորովին թողեց այն