տաղավարներում միայն։ Ամեն անգամ երբ կրակոտ աչքերը բացուխուփ էր անում, երկար թերթերունքները մթին ալիքներով ծփում էին և ամբողջ դեմքը խաղում էր, որպես հավերժական կենդանություն։ Այդ մշտածիծաղ խաղն արտահայտում էր մի ուրախ, աշխույժ բնավորություն, որ այնպիսի տպավորություն էր գործում, որ ոչ միայն ազատ էր նա կյանքի հոգսերից, այլ ոչինչ բան նրան հոգս պատճառել չէր կարող։
Տղամարդը, որին նա յուր ամուսին էր կոչում, և որի հետ ամուսնացած չէր, ընդհակառակն, ներկայացնում էր յուր հարազվարթ կնոջ մռայլ հակապատկերը։ Յուր մելամաղձոտ, մուգ-դեղնադույն դեմքով արտահայտում էր նա մի մթին բնավորություն։ Նա չէր խոսում, այլ խուլ կերպով մռնչում էր։ Նրա միտքը կարելի է հասկանալ ձայնի դղրդյունից, ինչպես խոսում են գազանները։ Աչքերի մեջ վառվում էր վայրենի կրակ։
Այդ երկու ամուսինները, այլ խոսքով, սիրողը և սիրուհին, Ելենայի անբաժան դրացիներն էին։ Ուր և տուն վարձեր նա, ուր և տեղափոխեր նա յուր բնակարանը, ներքնատան նկուղների մեջ նրանց համար միշտ պատրաստի տեղ կար։ Նրանք այդ մթին խորշերում ապրում էին բուերի նման.— ցերեկով թաքնվում էին, իսկ գիշերը դուրս էին գալիս...
Ալպինիան նստած էր նույն բազկաթոռի վրա, ուր մի քանի րոպե առաջ նստած էր Ելենան։ Նրա երկու ծնկների վրա հանգչում էին երկու երեխաները, որպես երկու անմեղ հրեշտակներ։ Դրանցից մեկը յուր հարազատն էր, իսկ մյուսը նույն երեխան էր, որի պահպանության համար այնքան արտասունքներ թափվեցան, այնքան խոստմունքներ եղան...
Այն վայրկյանում, երբ Ելենան խոսում էր տառապյալ մոր հետ, թե ո՛րպիսի հոգածությամբ ճանապարհ դրեց երեխային դեպի Բուրգաս կղզին, նույն վայրկյանում երեխան գտնվում էր ներքնատան նկուղի մեջ...
— Մեր բաժի՜նը ավարից...— ասաց տղամարդը խռպոտ ձայնով։
Ելենան բաց արավ քսակը, որ ստացել էր բեյից, և մի բուռն ոսկի, առանց համբարելու, տվեց նրան։
— Այսքա՞նը միայն,— հարցրեց նա կոպիտ կերպով։
— Քեզ համար միևնույն է, սիրելի Էլիաս, թե շատ լինի, թե սակավ,— պատասխանեց նրան Ելենան մեղմ ձայնով, որի մեջ