Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դեպի Բուրգաս կղզին, ես թաքնվեցա ներքնատան նկուղի մեջ... և նրա մանուկը թաքցրի այնտեղ...

Թե Էլիասին և թե Ելենային այնպես էր թվում, որ նա զառանցության մեջ է խոսում։ Երկուսն էլ զարմացած նայում էին նրա վրա:

— Ալպինիա՜,— ձայն տվեց ամուսինը, կամենալով զգաստացնել նրան յուր ցնորքներից.— այդ ի՞նչ ես դուրս տալիս...

— Ալպինիա՜,— ասաց Ելենան դողալով,— ի՞նչ պատահեց քեզ հետ։

— Ոչինչ...- պատասխանեց նա արտասվալի ձայնով։— Ես այդ զարդարանքներից հրաժարվում եմ, ինձ պետք չեն...

Նա ձեռքով մի կողմ հրեց շալերը։

Ալպինիայի հետ շատ էին պատահում տարօրինակ փոփոխություններ. հանկարծ՝ արտասուքից դեպի ծիծաղ, ծիծաղից դեպի արտասուք, կամ ուրախ, անհոգ խոսակցությունից հետո ընկղմվիլ խորին, մելամաղձական թախծության մեջ։ Բայց նրա այժմյան վարմունքը ոչ միայն տարօրինակ երևաց Էլիասին, այլ սաստիկ վիրավորեց նրան։ Արհամարհանքով մի կողմ հրելով շալերը, նա այդ շալերը, կարծես, յուր ամուսնու գլխին խփեց։

— Ալպինիա՛,— գոչեց նա կատաղի ձայնով,— ասում են քեզ՝ վեր ա՛ռ, ինչ որ տալիս են...

Ամուսնու սպառնալիքը, որ սովորաբար ծեծով էր վերջանում, այս անգամ չվախեցրեց Ալպինիային։ Նա ձեռքը մեկնեց դեպի շալերից մեկը, ասելով.

— Ես այդ կվերառնեմ, բայց ոչ թե ինձ համար, այլ դարձյալ այս երեխայի համար։

Նրա պատասխանն ավելի վիրավորեց Էլիասին։

— Այդ երեխային դու չի պիտի պահես...

— Կպահեմ։

— Իսկ քո լակոտին ի՞նչ կանես։

— Նրան էլ կպահեմ։ Իմ կրծքի մեջ երկուսի համար ևս սնունդ կա։

— Կամ սա՛... կամ նա՛...

— Ոչ, և՛ սա, և՛ նա...

— Ալպինիա՜...— դարձյալ գոռաց գազանը։

Ալպինիան ավելի համառեցավ։

— Այդ քո գործը չէ,— ասաց նա արտասուքը սրբելով,— մայրերը միայն գիտեն, թե ի՞նչ է երեխան... ես եղել եմ նույնպիսի