Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/171

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շատ հոգնած է, թե այս մի քանի գիշեր է, որ նա ամենևին չէ քնել. մարդիկ նրան հանգստություն չէին տալիս, այժմ պատրաստվում է հանգստանալ, և հրամայել է ոչ ոքին չընդունել:— Ասա՛ քո տիրոջը, որ ես նրա հայրենիքիցն եմ և կընդունե ինձ,— խոսեց օտարականը։

Մի րոպեից հետո, դուռը բացվեցավ և օտարականը ներս հրավիրվեցավ: Հռետորը առանց ճանաչելու նրան, առանց հարցնելու թե ով է, միայն հայաստանցի լինելը լսելով, հենց իր սենյակի շեմքի վրա գրկախառնվեց նրա հետ։

Օտարականը մի երիտասարդ էր բավական բարձրահասակ, և ամուր կազմված, երկար ժամանակ Եգիպտոսի արեգակի տակ գտնվելով, նրա պայծառ դեմքը ստացել էր պղնձի ախորժելի գույն։ Երկայն գիսակները խիտ գանգուրներով իջել էին մինչև նրա ուսերը, իսկ գլուխը փաթաթած էր ծաղկավոր ապարոշով, որի ծայրերը անփույթ կերպով ձգած էին նրա լայն թիկունքի վրա։ Սևորակ աչքերի մեջ նշմարվում էր խորին տխրություն, որ արտափայլում էր ամբողջ դեմքի վրա։ Այդ թախծալի տրտմությունը իսկույն նկատեց հռետորը, մանավանդ երբ նա լուռ, առանց մի բառ խոսելու, անցավ և նստեց բազմոցի վրա։

Այդ ի՞նչ էր նշանակում։ Այդ քանի օր էր, որ ամեն ոք խնդակցությամբ էր հանդիպում նրան, ամեն ոք արտահայտում էր իր ջերմ ուրախությունը նրա հաջողության համար, իսկ նրա հայրենակիցը մի բառ անգամ չարտասանեց այդ մասին, որպես թե ոչինչ չէր տեսել, ոչինչ չգիտեր։ Նրա աոաջին խոսքը այս եղավ.

— Այստեղ մեզ չե՞ն խանգարի։

— Ի՞նչու համար եք հարցնում,— ասաց հռետորը։

— Ես առանձին խոսելիք ունեմ ձեզ հետ։

— Բայց նախ և առաջ պետք է գիտենամ, թե դուք ո՞վ եք:

Օտարականը ծանոթություն տվեց իր մասին։

— Ես ձեր մասին լսել եմ...— բացականչեց հռետորը, և ուրախությամբ մոտենալով, կրկին անգամ գրկախառնվեցավ նրա հետ։

Երբ միամտացավ օտարականը, որ իրանք միայնակ են, տանեցիք բոլորը քնած են, և մանավանդ իրանց խոսակցության լեզուս այստեղ ոչ ոք հասկանալ կարող չէր, ասաց.

— Գիշերի կեսից անցել է. ժամանակ չկորցնենք, խոսենք ինչ որ պետք է խոսեինք, ես երկար այստեղ մնալու չեմ, առավոտյան պետք է ճանապարհ ընկնեմ։