Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեջ, իր անսահման գիտությամբ լռեցրեց բոլոր փիլիսոփաներին և «անհաղթ փիլիսոփայի» անուն ստացավ։ Եզնիկը[1], Հովսեփը[2], Ղևոնդը[3], Կորյունը[4] զարմացրին Մաքսիմիանոս եպիսկոպոսին իրանց բարձր աստվածաբանական հմտությամբ։ Իմ եղբայր Մամբրեն[5], Եղիշեն[6], Ղազար Փարպեցին[7] նույնպես նշանավոր հանդիսացան և որպես հզոր աստվածաբաններ, և որպես խորին գիտնականներ։ Ես ուրիշ շատ երիտասարդների մասին չեմ խոսում, որոնք նույնպես դեպի արևմուտք դիմեցին իրանց ուսումը կատարելագործելու նպատակով, և զարմանալի հառաջադիմություն գործեցին։ Այժմ հիշյալ երիտասարդները, լսելով մեր աշխարհի աղետները, մասամբ վերադարձել են հայրենիքը, մնացածներն ևս շտապում են գնալ։ Նրանք տանում են իրանց հետ մի նոր զենք Հայաստանը փրկելու, և դա է — լուսավորությունը:

Հռետորը, որ բոլոր ժամանակը խորին ուշադրությամբ լսում էր, կամաց հարցրեց.

— Դուք կարծում եք, որ լուսավորությունը կփրկե՞ Հայաստանը։

— Ոչ միայն կարծում եմ, այլ համոզված եմ,— ջերմությամբ պատասխանեց երիտասարդը։— Դուք, երևի մոռացել եք, թե վերջին ժամանակներում ինչ դժբախտ անցքեր անցան մեր աշխարհում։ Հայաստանի բախտավորությունը միայն նրանում էր, որ այդ

  1. Եղնիկ Կողբացի, հայտնի է իր «Եղծ աղանդոց» գրքով, որով հերքում է իր ժամանակի կեղծ փիլիսոփայությունները, և գլխավորապես պարսից մոգական աղանդը։
  2. Հովսեփ, հետո կաթողիկոս հայոց, գումարեց Արտաշատի ժողովը և Վարդանանց պատերազմը հրատարակեց ընդդեմ պարսից բռնության։
  3. Ղևոնդ երեց, իր հայրենասիրությամբ հայտնի գտնվեցավ Վարդանանց պատերազմի ժամանակ։
  4. Կորյուն, Աստվածաշունչ գրող նշանավոր թարգմանիչներից մեկն էր, հետո վրաց եպիսկոպոս դարձավ, երբ տակավին վրացիք հայոց եկեղեցուց բաժանված չէին. գրեց իր վարժապետի՝ Մեսրոպի վարքի պատմությունը։
  5. Մամբրե, որ կոչվում է «վերծանող», նշանավոր է իր պատմական և քերականական աշխատություններով։
  6. Եղիշե, բացի սուրբ գրոց զանազան մեկնություններից, գրեց Վարդանանց պատմությունը։
  7. Ղազար Փարպեցի, հայտնի է իր հետաքրքիր հայոց պատմությունով և առ Վահան Մամիկոնյանը գրած թղթով, որի մեջ երևում է ժամանակի խավարամիտ կղերի հալածանքը դեպի ճշմարիտ անձնանվեր գործիչները։
    Ծանոթ. հեղ.: