Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կամ այն ազգերից մեկը, որոնց լեզվով խոսում էր. այդ մեծ չարիքի առաջը առնելու համար ձեռք առին ժողովրդի կրթության գործը։ Հարկավոր էր ամեն ինչ հայացնել, ամեն ինչ ազգային դարձնել։ Մեր Սահակ հայրը իր ընդարձակ նպատակների մեջ աջակից ունեցավ մի գործունյա մարդ, որպիսին էր Մեսրոպը։ Նա շտապեց հնարել հայերի համար նոր տառեր, որպեսզի հայերը այլևս հունաց, ասորոց և պարսից տառերով չգրեին։ Սկսեցին նույն տառերով թարգմանել սուրբ գրքերը, որպեսզի եկեղեցու մեջ ևս տիրապետեր հայոց լեզուն և գիրը։ Սկսեցին ամեն տեղ դպրոցներ բաց անել և հայոց գրով ու հայոց լեզվով կրթել մանուկներին։

— Հույները և պարսիկները, որոնք արդեն Հայաստանը իրանց ճանկերի մեջ էին բռնել, և պատրաստվում էին ազգովին ևս կլանել նրան,— այդ երկու ահեղ պետությունները չէին կարող չնկատել այն հզոր ընդդիմադրությունը, որ Հայաստանի հեռատես Հայրապետը պատրաստում էր նրանց նենգավոր քաղաքականության առաջը առնել։ Հույները սկսեցին արգելել Հայաստանի այն մասում, որ իրանց գերիշխանության ներքո էր գտնվում, հայոց դպրոցներ բաց անել։ Ձեզ պետք է հայտնի լինի, թե ո՛րքան հալածանքներ կրեց, որքան բանակցություններ ունեցավ մեր Սահակ հայրը Բյուզանդիայի Բարձր Դռան հետ այդ մասին, մինչև Մեսրոպը նրա թոռ Վարդանի[1] հետ ստիպվեցան անձամբ Բյուզանդիա գնալ և կայսրից ու հունաց Ատտիկոս եպիսկոպոսից թույլատվություն խնդրել դպրոցներ բանալու համար, որը և ստացան մեծ դժվարությամբ։ Նույն դժվարություններից ավելի սաստիկը բարձրացրեց պարսից կառավարությունը։ Նա ուղարկեց ազգով հայ Մերուժան չարագործին և նրա ձեռքով այրել տվեց մեր գրքերը, և նրա ձեռքով աշխատում էր մտցնել մեր նորահաստատ դպրոցներում մոգության ուսումը ու պարսից լեզուն։

Հռետորը շարունակում էր իր մատներով խաղալ մորուքի հետ։ Երիտասարդը առաջ տարավ յուր խոսքը.

— Մրցությունը հունաց և պարսից քաղաքականության հետ սաստիկ էր, իսկ ուժերը անհավասար։ Մեր Սահակ հորը և Մեսրոպին հարկավոր էին լավ պատրաստված ուժեր։ Եվ այդ մտքով

  1. Վարդան Մամիկոնյանը Սահակ Պարթևի թոռն էր: