Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/240

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այդ պատճառով Մագթաղի նույնպես ճերմակ երեսը և շեկ մազերը չէին բարկացնում նրան և չէին հիշեցնում, թե ինքը բոշայի դեմք ունի։

Մարոյի այն գիշեր բերած կապոցը այնպիսի սովորական բան էր, որ մենք առանց բաց անելու, գիտեինք նրա միջում ինչ կար։ Դա որսի խորոված միս էր հացի հետ, որ երբեմն ուղարկում էր նրա հայրը, չնայելով, որ ինքն էլ ոչ սակավ աղքատության մեջ էր ապրում։ Երբ Մարիամին հրավիրեցին ուտելու, նա հրաժարվեցավ, ասելով, թե ինքը քաղցած կմեռնի և այն «սև սատանայի» բերած ողորմությանր չի մոտենա։ Բայց մայրս միշտ գոհությամբ էր ընդունում բարերար ձեռքի օժանդակությունը այն մարդից, որի հետ ամենևին ծանոթություն չուներ, որը մի անգամ ևս ոտքը ներս դրած չէր մեր շեմքից, թեև մեր ամենամոտ դրացին էր։ Միայն Մարոն, որ հաճախ գտնվում էր մեր խրճիթում, պատմել էր իր հորը մեր թշվառ դրությունը, և նա համարյա ամեն գիշեր չէր դադարում ուղարկել իր տնում գտնվածից մեր բաժինը, և այնպես ծածուկ, որ ոչ ոք չէր հասկանում։

Մարոյի հորը կոչում էին Ավո — նրա իսկական անունը ես չգիտեի։ Նա ահագին բարձրությամբ, մի վիթխարի տղամարդ էր, որ պարապում էր որսորդությունով։ Ավոն մեր քաղաքի բնիկներից չէր, բայց մի քանի տարի առաջ, մի սաստիկ ձմեռնային եղանակում նա հայտնվեցավ մեր քաղաքում, բոլորովին միայնակ, որպես մի փախստական։ Հետո փոքր աո փոքր կազմվեցավ նրա ընտանիքը։ Այդ ընտանիքը շատ մեծ չէր,— ինքը՝ որսորդը, իր միակ զավակի՝ Մարոյի հետ — ահա բոլորը։ Դրանց թվում գտնվում էին՝ մի մշտական ծառա Մըհե անունով, մի տնակալուչ կին, որին կոչում էին Խաթուն, և մի պատանի, որին կոչում էին Հասո։ Այս վերջինը որսորդի որդեգիրն էր։ Ո՞վքեր էին դրանք և ո՞րտեղից եկան — հայտնի չէր։ Միայն մեր քաղաքում որսորդի մասին խոսվում էին շատ զարմանալի պատմություններ, իբր թե նա տաճկական Հայաստանի արևելյան կողմերիցն էր, թե նա իր հայրենիքում մի նշանավոր մարդ է եղել, թե նա շատ կռիվներ է ունեցել քրդերի հետ և իր գլխի մազերի համբարքով մարդիկ է սպանել և այլն։ Ո՞րքան ստույգ էին այդ զրույցները, մենք չգիտեինք, մեզ այսքանը միայն հայտնի էր, որ Ավոն մի բարի մարդ էր և մեր ամենալավ դրացին, թեև ամենքն ատում էին նրան և խորշում էին նրանից, որպես մի սարսափելի եղեռնագործից։

Ճշմարիտ է, որ Ավոն իր միշտ լուռ, միշտ տխուր և ծածկամիտ