Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/255

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատճառով նրան կապում էին: Հոր բոլոր կախարդական հնարները, որոնք ուրիշների վրա հրաշալի կերպով ազդում էին, բոլորովին անզոր մնացին գեղեցիկ Ստեփանի առողջությունը վերականգնելու, խեղճը մնաց միշտ խելագար։ Որքան ճիշտ էր, ես չգիտեմ, միայն պատմում էին, թե նրա խելագարության պատճառը եղել էր նույնիսկ հայրը։ Ստեփանը ինձ նման չար և անհանգիստ տղա էր. մի օր, հայրը բարկանալով նրա վրա, կամեցել էր «խրատել» և այս պատճառով կախ էր տվել ջրհորի մեջ,— ասում էին, այն օրից խեղճ Ստեփանին պատահել էր այդ դժբախտությունը։ Պատմում էին, որ դևերը այնտեղ զարկել էին Ստեփանին, որովհետև ջրհորը միշտ լիքն է լինում դևերով։ Բայց լինում էին օրեր, որ Ստեփանի խելքը գլխին էր գալիս, նա խիստ քաղցր և բարի երեխա էր դառնում. մենք ամենքս ուրախանում էինք և սիրում էինք նրան։

Աղջիկը — Սոնան — նույնպես լուռ երեխա էր, և չնայելով իր փոքրիկ հասակին, կատարում էր տնային շատ գործեր։ Սոնան կրում էր եղբոր հեզ, հանդարտ և մուգ-երկնագույն աչքերը, այն զանազանությամբ միայն, որ քրոջ աչքերը ավելի պայծառ և կենդանի էին, մինչդեռ եղբորը` բոլորովին կորցրել էին իրանց կենդանի փայլը։ Սոնայի ծամերը նույնպես ավելի մուգ գույն ունեին, քան եղբոր շեկ, մետաքսանման մազերը, և ավելի խիտ էին, քան թե նրանը։ Զարմանալին այն էր, որ այդ երկու երեխաներից ոչ մեկը նմանություն չուներ ոչ հոր հետ, որի կերպարանքի մեջ կային մի քանի որոշ մոնղոլական գծեր, և ոչ նման էին մորը, որի դեմքը վախեցնելու չափ տգեղ էր։

Չնայելով, որ տեր Թոդիկը 700 ընտանիքից բաղկացած մի ամբողջ թաղի ավագ քահանան էր, չնայելով, որ բացի դրանից, նա վիճակավոր առաջնորդի գործակալի պաշտոն էր կատարում, և այդ բոլորից առատ արդյունք էր ստանում (էլ չեմ խոսում դպրոցի մասին)— այնուամենայնիվ, նրա ապրուստը, նրա կեցությունը խիստ չքավոր էր։ Մի քանի մթին սենյակներ, ծեփած սպիտակ կավով, նեղ փակ ցածրիկ շրջապարիսպով,— այդ բոլորը կացուցանում էին նրա անշուք բնակարանը, ուր տիրում էր մշտական փոշի, աղտ, խորին տխրության հետ։ Դրացիները տեր հոր այսպիսի չքավոր կեցությունը վերաբերում էին նրա անփառասիրությանը և նրա աշխարհի վայելչություններին չցանկացող բնավորությանը։ Դա մասամբ իրավացի կլիներ, եթե ագահներն էլ այսպիսի հատկություններ չունենային: Ժլատները նույնպես