Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/258

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թիվ, որի մեջ թաքնված են իմ մանկության սկզբնական տանջանքները... Այս յոթն տարվա ընթացքում, ես անցա գիտության բոլոր աստիճանները, այսինքն, սովորեցա այնքան, որքան կարող էր սովորել այն ժամանակ մի բարձր ուսում ստացող աշակերտ: Ես կարդացել էի բոլոր գրքերը, որ հայտնի էին մեր երկրում,— Սաղմոս, Ժամագիրք, Ավետարան, Հին կտակարան, Նարեկ և մինչև անգամ այն ահագին գիրքը, որ ես փոքր հասակումս դժվարությամբ կարողանում էի վեր առնել։ Ես կարողանում էի գրել և գրածս կարդալ, ես գիտեի և մի քանի կանոններ հայոց հին լեզվի քերականությունից։ Բայց մի բան, որ չկարողացա ձեռք բերել ես — դա էր վարդապետիս խորին գիտությունը ոգիների և կախարդությունների մասին. այդ գիտությունը վարժապետս պահում էր իր մոտ որպես մի գաղտնիք, որին մասնակից լինելու համար պետք էր տասն-քսան տարի ծառայել նրան։

Նրա դպրոցում աշակերտները երկար տարիներով անշարժ մնում և ծերանում էին։ Մորուքավոր, անմորուք, չափահաս, անչափահաս, երեխա և երիտասարդ, բոլորը խառնված էին միմյանց։ Տասն տարեկան էի ես, երբ մտա այդ դպրոցը, այն օրից անցել էր ավելի քան տասն և երկու տարի, դա փոքր ժամանակ չէ. այժմ ես բոլորովին հասուն պատանի էի։ Բայց, չնայելով իմ հասակին, վարժապետս վարվում էր ինձ հետ, որպես մի երեխայի հետ.— դարձյալ նույն ֆալախկան, դարձյալ նույն «խրատի» հարվածները ափերիս մեջ, դարձյալ նույն մերկ ոտներով չոքելը աղյուսի կտորտանքի վրա... մի խոսքով, պատիժների թվից ոչինչ չէր պակասել: Բայց զարմանալին այն էր, որ ես այն աստիճան սովորած էի այդ պատիժներին, այն աստիճան մեռած էր իմ մեջ պատվի, հպարտության և անձնասիրության զգացմունքը, որ ես անտրտունջ կերպով համբերում էի բոլորին, որպես էշը, եզը, ձին համբերում են իրանց տիրոջ անգութ հարվածներին։ Բայց մի անգամ ընդհակառակը պատահեց։

Մեծ զատկի տոնն էր. աշակերտներից ոչ մեկը չկարողացավ պատրաստել «Դանիելի գիրքը» եկեղեցում կարդալու համար։ Այդ գիրքը կարդում էին սովորաբար հարուստների որդիքը և նրանց ծնողները մի նշանակյալ նվեր էին տալիս եկեղեցուն։ Իսկ այն տոնին վարժապետը իր աշակերտների հառաջադիմությունը ժողովրդին ցույց տալու համար, պահանջում էր, որ այդ գիրքը կարդային անգիր։ Բայց հարուստների որդիների մեջ ո՞րտեղից էր այնքան ընդունակություն, որ կարողանային ամբողջ «Դանիելին»