Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էին վեհություն, ում և անձնավստահություն։ Կարոն չորս տարով միայն մեծ էր ինձանից, բայց ես, թեև բավական բարձր հասակով, դարձյալ իմ գլուխը հազիվ հասնում էր նրա ուսերին: Իմ երեսի վրա մազերի հետքեր անգամ չկային, իսկ նրա վերևի շրթունքը դեռ նոր սկսել էր սևին տալ թուխ ընչացքով։ Արևից այրված երեսը ստացել էր մուգ-դեղնապղնձի գույն, բայց սև աչքերը դեռ վառվում էին նույն բոցով, որպես տեսել էի առաջ։ Ինձ երևում էր, թե այն գեղեցիկ աչքերը ավելի խոշորացել էին և կարծես մի կիսավայրենի բնավորություն էին ստացել։

Ճանապարհին նա խիստ սակավ խոսեց ինձ հետ. մի անգամ միայն հարցրեց. «Մի՞թե դեռ, կենդանի է այն հրեշը»... Այդ հարցմունքը մեր վարժապետի, տեր Թոդիկի մասին էր։ Երբ ես սկսեցի նկարագրել դպրոցի դրությունը, նա ինձ չէր լսում, իմ պատմությունը նրան չէր հետաքրքրում, կարծես նա բոլորը գիտեր։ Եվ իրավ, ի՞նչ էր փոխվել տասն և երկու տարվա ընթացքում, որ նրան հետաքրքիր լիներ,— բոլորը նույնն էր...

Ինձ հանդիպելը, որ սկզբում այնքան ուրախություն ազդեց Կարոյի մեջ, երևում էր, հետո պատճառ տվեց խորին տխրության։ Նրա մտահույզ լռությունն ինձ առիթ էր տալիս այսպես կարծել։ Բայց ո՛չ, ես սխալվում էի, Կարոն նույն ժամուն բոլորովին ուրիշ բանի վրա էր մտածում և իմ ներկայությունը կարծես թե նրան նկատելի չէր։ Նա մոռացավ ինձ... Ինձ խիստ անախորժ թվեը այդ սառնասրտությունը նրա կողմից, և ես չկարողանալով համբերել, հարցրի.

— Ո՞ւր ենք գնում։

— Ա՛խ, մոռացա ասել... քեզ հիմա կտանեմ մի տեղ, ուր կտեսնես քո երկու հին ընկերներին։ Դու խո չե՞ս մոռացել Ասլանին և Սագոյին։

— Ասլանին և Սագոյի՜ն...— բացականչեցի ես, չկարողանալով զսպել իմ ուրախությունը, որ այնքան օտարոտի էր երևում, համեմատելով իմ ուղեկցի սառնասրտության հետ։— Ո՞րտեղ են նրանք, շուտո՞վ կտեսնեմ։

— Շուտով,— պատասխանեց նա, շարունակելով իր ընթացքը: Գիշերը լուսնկա էր։ Ես պարզ որոշում էի շրջապատող առարկաները. քաղաքը բավական հեռու մնացել էր մեր ետևից։ Խոսրովիո այգիները, գիշերային մառախուղի մեջ, երևում էին ծածկված արծաթի քողով, որպես թե մրափում էին խորին անշարժությամբ։ Խիստ ախորժ կերպով լսելի էր լինում առվակների