տիրեց մի սարսափելի խռովություն։ Երեխայությունից լսածներս այն հին, խորհրդավոր ավերակների մասին, մինչ այս աստիճան գրգռել էին իմ սնահավատությունը, որ ես լույս-ցերեկով երբեք չէի համարձակվում մոտենալ նրանց իսկ ա՝յժմ, գիշերո՞վ,— դա զարհուրելի հանդգնություն էր։ Այդ պատճառով ես իմ մտքում խիստ դժգոհ մնացի Կարոյից, երբ նկատեցի, որ ինձ այնտեղ է տանում։
Մոտենալով մինարեթին, Կարոն շվացրեց։ Մինարեթի միջից պատասխանեցին նույն զիլ և ձգական ձայնով։ Ես խորին անվստահությամբ ոտք կոխեցի նրա շեմքի վրա, երբ Կարոն հրավիրեց ներս մտնել։
Սինարեթի ներսը լուուսվորված էր փայտակույտ խարույկով, որ վառվում էր հատակի մեջտեղում, տարածելով իր կարմիր-ծիրանի լույսը խուլ գմբեթների մեջ։ Կրակի մոտ երկու հոգի միս էին խորովում, որ շարած էր հրացանի սումբաների վրա, նրանցից ոչ այնքան հեռու դրած էր հաց և գինի։ Երեք հողի ևս մի կողմ քաշված, պառկած էին մերկ գետնի վրա։ Տեսնելով Կարոյին, նրանք մոտեցան, և հեռանալով դեպի մինարեթի մթին կողմը, սկսեցին անլսելի ձայնով խոսեր: Այդ տևեց ավելի քան տասն րոպե։ Ես մնացի աննկատելի, ոչ ոք ինձ վրա ուշադրություն չէր դարձնում։ Այդ բավական վիրավորեց իմ անձնասիրությունը։ Ես ոչինչ չհասկացա նրանց խոսակցությունից, միայն ինձ երևաց, որ Կարոյի հաղորդածը շատ ուրախալի պետք է չլիներ իր ընկերներին, որովհետև իսկույն նկատեցի նրանց դեմքի վրա մի խորհրդավոր տխրություն։ Ես կարծում էի, թե խոսակցությունը իմ մասին էր:
Երբ վերջացրին, նրանցից գրորիկ հասակով, արագաշարժ մեկը դարձավ դեպի ինձ և շիլ֊ վառվռուն աչքերը ուղղելով իմ երեսին, ասաց.
— Օհո՛... դու ո՞րտեղից դուրս ընկար։
Ինձ խիստ անախորժ երևաց այդ կոպիտ հարցմունքը, և ես վրդովմունքից այնքան շփոթվեցա, որ ոչինչ չգտա պատասխանելու։ Կարոն, կարծես, այժմ-մտաբերեց ինձ և իմ փոխարեն պատասխանեց.
— Չե՞ս ճանաչում, Սագո։—Հետ դառնալով դեպի մյուսները, ասաց.
— Ա՛խ, ես մոռացա ներկայացնել տեսե՛ք, ի՜նչ լավ հյուր եմ բերել ձեզ համար։