Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/282

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արգելում հետևել բնության ձայնին․ տատը չէր ճնշում նրան, և որսորդի ազդեցության ներքո նա դարձավ բոլորովին ուրիշ տղա, քան էին նրա բոլոր ընկերները։ Այն օրից, որ թողեց դպրոցը, ես ինքս մեծ փոփոխություն էի տեսնում նրա մեջ։ Ես լսում էի նրանից ինձ համար շատ անհասկանալի խոսքեր. մի անգամ ասաց նա․

— Ֆարհատ, մեր գյուղացիները շատ աղքատ են, կան ընտանիքներ, որ հաց չունեն ուտելու։

— Դու ի՞նչ գրտես,— հարցրի ես։

— Որսորդի հետ երեկ ման եկանք մի քանի գյուղեր․ նա ինձ ներս տարավ գյուղացիների խրճիթները․ ես տեսա սարսափելի չքավորություն։

— Ի՞նչ է պատճառը։

— Այդ մահմեդականները մեր գյուղացիների արյունը ծծում են։ Այդ խաները, բեգերը նրանց կյանքը բոլորովին մաշում են։ Որսորդը ինձ բացատրում էր, թե ինչ պետք է արած, որ գյուղացիները ավելի հանգիստ և ավելի կուշտ լինեն։

Ես ոչինչ չպատասխանեցի, նա շարունակեց.

— Ֆարհատ, քանի օր առաջ տեսա, մի գյուղացու կապած, ծեծում էին նրա համար, որ չէր գնացել խանի համար ձրի բանելու։ Խեղճը իր ընտանիքի միակ աշխատող մարդն է, եթե նա միշտ խանի համար ձրի բանե, էլ ո՞վ կկերակրե նրա երեխաները Ֆարհատ, հենց որ տեսա, սիրտս այրվեց, էլ չկարողացա արտասուքս պահել...

Ահա այսպես, միշտ գյուղացիներ, միշտ գյուղացիների մասին էր խոսում նա։ Ես մտածում էի, թե խեղճ տղան ցնորվել է. նրան ի՞նչ փույթ, որ գյուղացիները ուտելու հաց չունեն կամ նրանց տանջում են։ Լավ չէ՞, ասում էի, որ իր փորի համար մտածե. ինքը ավելի բախտավոր չէ այն թշվառներից, որոնք գիշերները սոված են պառկում։

Իհարկե, այդ մեծ փոփոխություն էր Կարոյի բնավորության մեջ։ Նա առաջ սովորություն ուներ խոսել Քորօղլիի, Ռուստամի, Զալի և դրանց նման հերոսների մասին, որոնց պատմությունը լսել էր աշուղների վեպերի մեջ,— կամ խոսում էր գեղեցիկ աղջիկների վրա և ծաղրում էր նրանց այս և այն թուլությունները։ Հանկարծ բոլորը մոռացավ նա, սկսեց գյուղացիների մասին խոսել, նրանց վրա մտածել։ Ո՞վ մտցրեց նրա մեջ այդ ցնորքը։ — Ես չգիտեի, միայն Ասլանը վերաբերում էր որսորդ Ավոյին։