Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/287

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հրովարտակները և բոլորը միասին նետեց հնոցի մեջ։ Կրակը բորբոքվեց, և Ղարա—մելիքների ավելի քան հազար տարվա տոհմային վկայականները մոխիր դարձան։

— Ինձ պետք չէ արտոնական իշխանությունը, որ իբրև ողորմություն շնորհված է եղել իմ պապերին,— ասաց Կարոն խորին վրդովմունքով»։ — Ես պիտի աշխատեմ չսովորել մուրացկանություն։ Եթե կհաջողվի ինձ կրկին ձեռք բերել այն, ինչ որ կորցրել են իմ նախնիքը պետք է լինի իմ սեփական ջանքով։ Սրով, բռնի ուժով խլածը պետք է սրով վերադարձնել։ Բայց ինչ որ ամենաթանկագինն է ինձ համար,— դա է իմ ծնողների արյունը։— Ահա՜ ամենագլխավոր պահանջը, որ պիտի տուժել տամ մեր թշնամիներին...

Այդ խոսքերը զարթեցրին իմ հիմար գլխում մի միտք, որ մինչև այն րոպեն մնացել էր խուլ, անշարժ, անկերպարան։ Մի՞թե իմ հոր արյունը նույնպես չէր բողոքում արդարության ատյանի առջև, մի՞թե նա գերեզմանից չէր կոչում որդուն վրեժխընդիր լինել։ Թուրքը թուրքի հետ գրազ եկավ և իր սրի զորությունը փորձելու համար, մի հարվածով կտրեց իմ հոր պարանոցը և ստացավ մի ֆինջան ղահվե... Ո՞րքան նախատինք, ո՞րքան ցածություն էր այդ, իր կյանքով լինել առարկա մի այդպիսի բարբարոսական կատակի.․.

Հնոցի մեջ մագաղաթը դեռ այրվում էր, կապտագույն բոցերը դեռ պլպլում էին։

— Տե՜ս, այլևս ի՞նչ կա այնտեղ,— հարցրեց Կարոն, ցույց տալով սնդուկը։

Հատակի վրա մնացել էր փղոսկրյա մի տուփ. ես բաց արի տուփը. նրա մեջ դրած էր մի փոքրիկ մեդալիոն, ոսկուց շինած և ադամանդներով զարդարած, որի վրա հմուտ ճարտարությամբ նկարված էր մի գեղեցիկ կանացի գլուխ։ Այդ Կարոյի մոր պատկերն էր, նա առեց իմ ձեռքից մեդալիոնը, մի քանի վայրկյան նայեց նրա վրա, հետո թաքցրեց իր ծոցում։ Այն ժամանակ միայն նկատեցի՝ նրա աչքերից գլորվեցան մի քանի կաթիլ արտասուք գունաթափ, տխուր դեմքի վրա։

Նա իսկույն սրբեց արտասուքը, որ ես չտեսնեմ, դարձավ դեպ ինձ, ասելով.

— Երդվիր, Ֆարհատ, որ այդ բոլորը, ինչ որ լսեցիր, ինչ որ տեսար այստեղ, կմնան քեզ մոտ որպես գաղտնիք։

Ես երդվեցա։