Ինձ թվում էր, թե ես ընկած եմ մի կախարդված ամրոցի ավերակների մեջ, թե մի դյութական ձեռք ինձ բերեց այդ դիվաբնակ ավերակներում, թե Կարոն, Ասլանը, Սագոն,— այդ բոլորը առաչոք և խաբեական պատկերներ էին։— «Չէ՛, մտածում էի ես, թողնեմ, փախչեմ և հեռանամ այստեղից, գնամ մորս մոտ, հնազանդ գլուխս խոնարհեցնեմ նրա առջև և ասեմ, «ես քեզանից չեմ հեռանա, միշտ կաշխատեմ քեզ համար և քույրերիս համար, միայն ինձ վարժատուն մի՛ ուղարկիր»:
Իսկ երբ վարժապետիս սարսափելի պատկերը աչքիս առջևն էր գալիս, իսկույն սթափվում էի, կրկին լուծվում էր դյութական թիլիսմանը, և ես զգում էի, թե իրականության մեջ եմ գտնվում, թե այս բոլորը, ինչ որ տեսնում էի, երևակայության ցնորքներ չէին։ Իսկույն փոխում էի միտքս.— «Չէ՛, ասում էի, երազ չէ իմ տեսածը և ոչ կախարդություն, դրանք իմ լավ ընկերներն են՝ Ասլանը հրեշտակի սիրտ ունի, Կարոն հենց վարժարանում եղած ժամանակ սիրում էր ինձ, Սագոն նույնպես բարի տղա է, նրա սիրտը այն չէ, ինչ որ լեզուն է։ Չէ՛, կմնամ այստեղ, դրանցից չեմ բաժանվի»...
Մինչև ես այսպիսի խորհրդածությունների մեջ էի, աչքս ընկավ պառկած ընկերներիս վրա. չգիտեմ ինչո՞ւ ես հիշեցի մի զրույց, որ շատ անգամ լսել էի տատիս հեքիաթների մեջ: Ինձ երևաց, որպես թե, այդ երեք երիտասարդները երեք հսկաների ձագեր լինեին, որոնց մայրը կաթի փոխարեն կերակրում էր ադամորդու արյունով... Ո՞րտեղից ծագեց իմ մտքում մի այդպիսի օտարոտի համեմատություն...
Կարոյի քունը անհանգիստ էր. երևում էր, նա գտնվում է երազների սարսափելի խռովության մեջ.— «Կսպանեմ, թե չտաս» — «ո՞ւր ես փախչում» — «իմ գնդակը ավելի սրընթաց է, քան քո ոտները» — «Ասլա՛ն, սատկացրու նրան» — Սագո, զգույշ, մարդ չտեսնե» — «նրանք այս կողմից փախան»... Ահա այսպիսի անկապ խոսքեր էին լսվում նրա բերանից: Նա խոսում էր խառն, զանազան արևելյան լեզուներով։
Ասլանի քունը հանգիստ էր, որպես երեխայի քուն։ Երբեմն նրա գեղեցիկ շրթունքը ցնցվում էր թեթև ժպիտով։ Նա լուռ էր: Մի անգամ միայն նա արտասանեց անունը «Սոնա»։— Խե՜ղճ տղա, մտածում էի ես, նա ինձանից առաջ սիրում էր նրան... գուցե այժմ տակավին սիրում է...
Սագոն իր երազների մեջ նույնպես ծիծաղելի էր, որպես