հարկավոր կլինի, մինչև անգամ...— Վերջին խոսքը պարոն Ք... մոտ գնաց և ասաց գեներալի ականջին։
— Խա՜... խա՜... խա՜... ողորմությո՜ւն արեք,— արձակեց գեներալը խիստ ուրախ ծիծաղ.— այս ալևոր մազերին ի՞նչ կսազի ձեր ասածը... մեր դարն անցավ, ես և դուք ալևորներ ենք, թո՛ղ երիտասարդները մտածեն դրա վրա...
— Գիտե՞ք, գեներալ, մենք հայերեն մի առած ունենք, թե՝ «պառավ ձին էլ գարի կուտի»։
— Խա՜... խա՜... խա՜... ի՞նչպես, ի՞նչպես, մեկ էլ ասեք։
Պարոն Ք... կրկնեց միևնույն առածը։
— Այդ հիանալի՜ խոսք է, կնշանակե՝ մենք էլ հետ չպիաի մնանք անուշ գարիից...
Վերջին զվարճախոսությունը պատճառեց իշխան Ն...ի մեջ մեծ ուրախություն. նրանք երկար սրախոսում էին, ծիծաղում էին, մինչև պարոն Ք... հարմար միջոց գտնելով խոսակցությունը դարձրեց յուր նպատակներին մոտ առարկաների վրա։ Նրանք սկսեցին խոսել զանազան բաներից և կապալներից։ Եվ գեներալը արեց նրան մի քանի խոստմունքներ...
Իսկ պարոն Ք... մտածում էր յուր պատվելի հյուրին մի բան ընծայել յուր հնություններից։ Այդ իսկ նպատակով կազմած Էր այդ թանկագին հավաքածուն։
— Եթե ձերդ պայծառափայլությունը կբարեհաճեր ինձ ավելի բախտավորել, ընտրեցեք, խնդրեմ, իմ հնություններից մի բան, որպես բարեկամական հիշատակ ձեզ հետ Պետերբուրգ տանելու:
— Ողորմություն արեք,— պատասխանեց գեներալը,— հնությունների վրա միայն կարելի է նայել և զվարճանալ։
— Ես խնդրում եմ...
Գեներալը բարեհաճեց ընդունել Նադիր-Շահի զենքերը։ Պարոն Ք... մինչև գետին խոնարհելով, շնորհակալություն հայտնեց և առաջնորդեց յուր պայծառափայլ հյուրին մինչև դուռը։
Երբ պարոն Ք... յուր սրտի ամենազվարճալի տրամադրության մեջ, որպես մի մարդ, որ յուր որսն արդեն ծուղակի մեջն էր գցել,— դառնում էր դեպի յուր մենարանը, սրահակի անկյունումը երևաց մի երկչոտ կերպարանք․ նա յուր դողդոջուն մարմինը մի երկու քայլ առաջ տարավ, և պարոն Ք..ին դիմավորելով ասաց.
— Աղա ջա՜ն։
— Ի՞նչ է,— գոռաց «աղան»։
— Իմ... իմ... ամսականը։