գոյացնել ցանկացած գումարը, եթե նորին վեհափառությունը կընդուներ իր տված խորհուրդը։ Կաթողիկոսը մի օր բոլոր աբեղաներին կանչեց իր մոտ ճաշի, հացկերույթը վերջանալեն հետո հրամայեց փակել նրանց նույնիսկ սեղանատան մեջ։ Հետո ինքը վեհափառը, մտնելով աբեղաների խուցերը, բաց անել տվավ «աշխարհից հրաժարված» աբեղաների փոքրիկ արկղիկները, և հիրավի, հայտնվեցան ավելի քան կաթողիկոսի ցանկացած գումարը ոսկի և արծաթ։ Ո՞վ կկարծեր, որ աշխարհի հարստությունից հրաժարված ճգնավորները,— որոնք իրանց վանքում կին ուխտավորներ չէին ընդունում, որոնք հագնում էին կոշտ մազից զգեստներ, որոնք մերկ ոտքերով էին ման գալիս, որոնք աղ ու հացով էին կերակրվում, որոնք արծաթից այնպես էին վախենում, որպես դևից,— ունենային իրանց սնդուկների մեջ այնքան ոսկու և արծաթի մթերք։
Ծերունի աբեղայի հնարագիտությունը, որ երևան հանեց այս գաղտնիքը, վարձատրվեցավ նրանով, որ քանի օրից հետո գտան նրա խեղդված դիակը ծովակի ափում․․․
Չնայելով, որ վանքերում այսպիսի եղեռնագործություններ էին պատահում, դարձյալ ժողովրդի ջերմեռանդությունը դեպի իր սուրբ աթոռները մնում էր տաք և իր բոլոր բարեպաշտական ոգևորության մեջ։ Նա ինքը, ժողովուրդը, իր տանը հաց չուներ ուտելու, նրա որդիքը անոթի և կիսամերկ էին, նա իր աղքատ դրության մեջ դարձյալ հագցնում էր և կերակրում էր իր հոգևոր հայրերին, որպես իր վանքերի պաշտոնյաներին, որպես աստուծո տան սպասավորներին, որոնց աղոթքովն էր ապրում ինքը, որոնք հաշտեցուցիչ կապ էին իր և երկնքի մեջ․․. Ժողովուրդն իր հունձքից մասն էր հանում աբեղաների համար, իր անասունների յուղից և պանրից նրանց բաժին էր տալիս, ինքը և իր արորը ձրի աշխատում էին վանքապատկան կալվածքների մեջ, մի խոսքով, նա վճարում էր իր աբեղաներին ավելի, քան թե իր կարողությունը ներում էր։ Ահա ինչ էր, որ կապում էր հային իր հայրենիքի հետ։ Բшյց Կարոն ասում էր, թե վարդապետները նույնպիսի հարստահարողներ են, որպես քուրդ և թուրք աղաները։ Ես բարկանում էի․․․