Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այստեղ հավաքվեցան նրա բոլորտիքը քույրերը, փոքրիկ եղբայրը և տան սպասավորները։ Նրանց ուրախությանը չափ չկար։ Ամենի հետ գրկախառնվելուց հետո, երիտասարդը բախտավոր էր զգում իրան, որ գտնվում էր հայրենական օջախի մեջ։

Բայց խեղճ մայրը չէր հեռանում որդուց։ Նա կամ համբուրում էր նրան, կամ գրկում էր, կամ լաց էր լինում, կամ ծիծաղում էր, մի խոսքով, ուրախությունից հիացած չգիտեր, թե ի՛նչ էր անում։

— Ո՞րպես մեծացել ես դու, Միշա,— ասաց նա լի մայրական սիրով որդու վրա նայելով։

— Դու այդ նկատո՞ւմ ես,— հարցրեց որդին ժպտալով։

— Դու մի փափուկ պատանի էիր, երբ ես ճանապարհ դրի քեզ դեպի Գերմանիա, այժմ դարձար այդպես մորուքով։

— Այո՛, այդպես փոխում են մարդուն տարիքը, մայր իմ։

— Տարի՜քը...— կրկնեց Մարիամը հոգոց հանելով։— Ամբողջ ութը տարի է, երբ քեզ չեմ տեսել... բայց գիտե՞ս, Միշա, ո՛րքան տանջվեցա ես այդ ութը տարումը...

Արտասուքը դարձյալ սկսավ գլորվիլ Մարիամի ցամաքած երեսի վրա։

— Այսուհետև իմ ներկայությունս կմխիթարե քեզ, մայր իմ,— խոսեց որդին, գրկելով նրան։

Երբ փոքր ի շատե հանգստացան այն բոլոր ուրախ և տխուր զգացմունքները, որոնք հուզվում են կարոտյալների առաջին տեսակցության րոպեներում, երիտասարդը սկսեց լվացվել և սրբել յուր վրայից ճանապարհի փոշին։

Գ

Բայց տանեցոց աղաղակը, նրանց ուրախությունը և ծիծաղը զարթեցրեց մերձակա սենյակում քնած Արտեմ Պավլիչին, երիտասարդի հորը։ Նա իսկույն վազեց դեպի դահլիճը, երբ լսեց որդու գալուստը։

Ծերունի հոր ուրախությանը սահման չկար։ Երբ նա բավականին սթափված էր յուր հրճվանքից, երբ հանդարտել էին նրա մեջ հայրական սրտի կրքերը, հարցրեց.

— Ավարտեցի՞ր, Միշա։

— Ավարտեցի, հայր իմ։

— Շա՞տ բան սովրեցար, Միշա։