Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/431

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սրբազան անձնավորությունը, որը չպետք է լիներ առանց իրական պատճառների։

— Երևում է, վարդապետները քեզ հետ այնքան լավ չե՞ն, մղդսի Թորոս։

— Վարդապետնե՜ր...— կրկնեց նա խորհրդական ձայնով։— Ի՞նչ կասես, եղբայր, դրանք մարդիկ չեն, իստակ սև սատանաներ են․․․ Դրանք այն մղդսուն հաց կտան, որ նրանց ամեն ասածին պատասխանե՝ «հա՛»։ Բայց մղդսի Թորոսը մեկ դրուստ մարդ է, նա չէ կարող վատ բանին «հա՛» ասել...

Առհասարակ ես նկատում էի, որ մարդիկ այն ժամանակ միայն ջերմեռանդ են դեպի վանքերը և վանական աբեղաները, երբ նրանցից հեռու են։ Որի ընդհակառակն, ես տեսնում էի, որ վանքերին մերձավոր ժողովուրդը չափազանց զզված էր նրանցից։ Ի՞նչ էր դրա պատճառը, ես չգիտեի․ միայն երևում էր նրանց մեջ մինչև անգամ թերահավատություն այն սրբազան տեղերի մասին, որոնք նվիրական էին ամեն մի հայի համար։ Շատ անգամ մի գործարանի կառավարչի վատությունը ծնուցանում է հաճախորդների մեջ ատելություն դեպի նույնիսկ գործարանի հիմնարկությունը։ Արդյոք այս օրինակը չէ՞ր վերաբերում և մեր աբեղաներին և մեր վանքերին։

Ես երեխայությունից ունեի փոքրիկ խորամանկություն, սատանայի պես մտնել մարդու դամարում, և որպես ասում են, նրա ուղեղը թափ տալ։ Լսելով մղդսի Թորոսի վերջին խոսքերը, թե վարդապետները այն ժամանակ միայն վարձատրում են վանքի սպասավորներին, երբ նրանց կամքին հլու ծառաներ են դառնում, որոնք նրանց յուրաքանչյուր խոսքին, որքան և վատ լիներ նա, կպատասխանեն՝ «այո՛»,— ես սկսեցի ավելի հետաքրրքիր լինել, թե ի՞նչ էր պատճառ տվել մղդսու դժգոհությանը։ Նա թեև խիստ դժվարությամբ, այսուամենայնիվ պատմեց.

— Մենք երկու եղբայրներ էինք. իմ պստիկ եղբայրը պսակվեց, մի ամիս չանցավ, մեռավ։ Նրա հարսը մնաց տանը այրի։ Մեկ օր մեր Կարապետ հայր սուրբն ինձ կանչեց իր մոտ, ասաց «Մղդսի Թորոս, քո եղբոր կնիկը ի՞նչ կանե տանը»։ Ես պատասխանեցի,— հայր սուրբ, ծառա եմ աջիդ, ի՞նչ պետք է անե, իմ երեխեքին շորեր կկարե, կկարկտե, թոնիր կվառե, հա՛, այդպես տան բաներ կանե։ Իմ կնիկը հիվանդ է, իմ երեխեքը նա կպահե։ Վարդապետն ասաց. «Այդ բաներից քեզ ի՞նչ խեր, դու քո եղբոր կնիկն ուղարկիր, թող գա վանքի ոչխարները կթե, այս գործից