Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/437

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի քանի оր առաջ։ Ես առանց երկբայության հավատարի, մտաբերելով, թե n՞րպես բարբարոսաբար ծեծում էր նա ինձ և իմ ընկերներին։ Եվ մի այսպիսի մարդը, որպես վարժապետ և քահանա, առաջնորդում էր մի ամբողջ քաղաքի ուխտավորներին դեպի աստուծո մոր տաճարի երկրպագությունը...

Որպես իմացա քույրերիցս, տեր Թոդիկը, բացի Սոնայից, բերել էր իր հետ և իր որդի Ստեփանին։ Խեղճ տղայի խելացնորությունը, վերջին օրերում ավելի սաստկացած լինելով, հայրը բերել էր նրան սուրբ աստվածածնի վանքը այն մտքով, որ թողնե Ստեփանին մնալու վանքի «խեղճերի» մեջ, այնտեղ բժշկվելու համար։ Նա այժմ համարում էր Ստեփանի խելացնորությունը տիրամոր պատիժներից մեկը։ Որքան ճիշտ էր այդ կարծիքը, ես չգիտեի, բայց ես գիտեի մի բան, թե ո՛րպես Ստեփանի հայրը չարաչար կերպով վարվում էր նրա հետ, ո՛րպես նրա երեխայության ժամանակ, իբրև պատիժ, կախ էր տվել խեղճ տղային ջրի հորի մեջ, նա մնացել էր այնտեղ կես ժամ, և այնուհետև Ստեփանի խելքը տեղը չեկավ. նա միշտ ցնորվում էր, երբ ջուր կամ հոր էր տեսնում...։ Այս ես գիտեի...

Ես շատ ուրախ էի, որ գնալով մորս մոտ, քեռի Պետրոսի վրանը, չհանդիպեցա վարժապետիս։ Ինձ խիստ անտանելի էր մյուս անգամ տեսնել այն մարդու երեսը, որը այնքան դառն ցավերի պատճառ էր եղել ինձ։

Հասնելով մեր վրանը, գտանք պառավ Խաթունին և Մարգարիտին քնած. Մարոն արթուն նստած սպասում էր ինձ։

Ես չեմ կարող նկարագրել այն ուրախությունը, որով Մարոն հանդիպեց իր երեխայության երկու ընկերուհիներին, նրանց միմյանց հետ փաթաթվելը, նրանց պարզ ու անմեղ սրտերի արտահեղությունը, նրանց անկեղծ շրթունքների մրմունջը բարձր է գրչի զորությունից. այդ միայն պետք է տեսնել և գդալ։

Հայկական աղջկա սրտի մեջ կա մի բան, կատարյալ հրեշտակային, որ մնում է միշտ անհասկանայի հասարակ մահկանացուների համար։ Նա այնպես մաքուր և սրբազան է, որպես մի անարատ աստվածություն, նա արտափայլում է իր ջերմ լուսով, նա բուրում է իր անուշ հոտավետությամբ, բայց նա միշտ մնում է անշոշափելի...