եղեռնագործի մեջ..․։ Բայց մի՞թե կարելի էր նրան եղեռնագործ համարել...
Մարոյի կարգադրությունները, թեև բավականին հանգստացրին ինձ, բայց ես դարձյալ պնդեցի, թե մեզ պետք է շտապել շուտով տուն վերադառնալու։ Նա դարձյալ ընդդիմացավ ինձ։
— Ես չեմ գնա, մինչև ասածս չկատարեմ, ես այս գիշեր պատրաստվել էի, բայց...
Հեռվից լսելի եղավ մի մեղմ երգեցողության ձայն, նույնիսկ եղանակով, որ ես լսել էի այսօր «Կաթնաղբյուրի» ձորում։ Մարոն լսելով ձայնը, փոխեց իր խոսքը։
— Այդ «ճգնավորն» է, որ երգում է,— ասաց նա,— ի՛նչպես լավ երգում է, լսի՛ր, Ֆարհատ։
Եվ իրավ, գիշերային լռության մեջ երգը հիանալի էր։ Մարոն երկար ականջ դնելուց հետո, հարցրուց.
— Դու գիտե՞ս նա ով է, Ֆարհատ։
— Ես նրան չեմ ճանաչում, այսօր առաջին անգամ տեսա նրան «Կաթնաղբյուրի» ձորում, և նա երգում էր միևնույն այս երգը։ Իսկ հետո երևցավ նա իմ քեռի Պետրոսի վրանում։
— Ո՛րքան միամիտ ես, Ֆարհատ։
— Ինչու՞։
— Նրա համար, որ դու չկարողացար ճանաչել քո վաղեմի ընկերին։
— Ո՞վ էր նա։
— Ասլանը։
— Չեմ հավատում, դու ինձ վրա ծիծաղում ես, Մարո։
— Վեր կա՛ց, գնանք, նա մեզ կանչում է. ես հասկանում եմ նրա երգի միտքը, գնանք, մի՛ ուշացիր․ նրան մեկ էլ կտեսնես ու կհավատաս։
Թեև այս խոսքերը Մարոն արտասանեց խիստ պինդ համոզմունքով, այսուամենայնիվ ես չէի կարողանում հավատացնել ինձ, թե մի զառամյալ անապատական աբեղա կարող էր Ասլանը լինել։ Բայց Մարոն հաստատեց իր խոսքը մի ուրիշ փաստով, որ շատ հավանական էր։ Նա հիշեցրուց ինձ այն նկատողությունը, որ արել էր նա, երթ առաջին անգամ տեսավ պառավ կախարդին և փոքրիկ Հյուբբիին, որ նստած ժայռի վրա, ուխտավորների համար գուշակում էր։ Նա այն ժամանակ ասաց. «Կարոն կամ նրա ընկերներից մեկը պետք է այստեղ լինի» և ավելացրեց, թե «այս պառավն իսկույն հայտնվում է այնտեղ, ուր նրանք լինում են»։