համար փոխեցի կերպարանքս, գիտեի, որ աբեղան ավելի մատչելի է նրանց։ Այս մարդիկն առանց զգացմունքի, առանց եռանդի չեն. նրանք հասկանում են իրանց դրության բոլոր այլանդակությունը, բայց դարևոր հարստահարությունների տակ ճնշվելով, մինչ այն աստիճան հոգով և մարմնով թուլացած են, որ շատ բնական են գտնում իրանց վիճակի բոլոր դառնությունները։ Նրանք կարծում են, թե այլ կերպ լինել կարող չէր, թե իրանք ստեղծված են ստրուկներ լինելու համար։ Մի ձեռք, մի զորեղ ձեռք պետք է, որ դրանց վեր բարձրացնե ընկած դրությունից և կանգնեցնե մարդկային ազատ իրավունքների վրա։» Այնուհետև նա երկար խոսում էր ինձ հետ զանազան առարկաների վրա, ես մինչև այսօր չեմ մոռացել, և կարող եմ բոլորը բառ առ բառ գրել։ Նա ասում էր․
«Լինում է, այո՛, որ մի ամբողջ ժողովուրդ ինքն է կանգնում ոտքի վրա, ինքն առանց օտարի ձեռնտվության թոթափում էր իր վզից ստրկության լուծը։ Բայց դա լինում է այն ժամանակ, երբ նա բավականին հասկացել է, թե ինչ բան է ազատությունը։ Եթե մեր ժողովրդի առաջնորդող մասը նրան այն շավղի մեջ տված լիներ, նրան այնպիսի ուղղություն տված լիներ, որ նա վերջապես հասկանար, թե որքան վատ է օտարի կոպիտ ուժի տակ ճնշված դրությունը, թե որքան լավ է իր սեփական հողի վրա իր քրտինքով ազատ ապրելը.— մեր գործը շատ հեշտ առաջ կերթար...
Բայց ո՞վքեր են մեր ժողովրդի առաջնորդող անձինքը։— Մենք ազնվապետական դաս չունենք, մենք ունենք վաճառականներ և եկեղեցականներ։ Վաճառականները, այլ խոսքով դրամատերերը, դուք գիտեք, ի՜նչ տեսակ հրեշներ են. մնում են եկեղեցականները, որոնց ձեոքումն է ժողովրդի կրթությունը և նրա բարոյական և մտավոր դաստիարակությունը։ Եկեղեցականը, որ ազգի մեջ և լիներ նա, միշտ ընդդեմ է մարդկային անհատական ազատության։ Եկեղեցականը միշտ ընդդեմ է ազգայնության գաղափարին. նա ճանաչում է ազգը միայն կրոնքի անունով. նրա «հոտի» մեջ «խուժդուժ, սկյութացի և հույն» — բոլորը մեկ են։ Եկեղեցականը միշտ ընդդեմ է աշխարհային բարեկեցության. նա չէ կարող համբերել, որ մարդը ճանաչեր իր հայրենիքը, այսինքն երկրի այս կամ այն կտորի վրա հիմներ իր կյանքի և ապրուստի գոյությունը։ Եկեղեցականը հերքում է ներկա աշխարհը, նրա հայրենիքը երկինքն է․
Ուրեմն մի ժողովուրդ, որ հանձնված էր եկեղեցականի կրթությանը, կարող է մտածել այս բաները թե ինքը մի ազգի որդի