Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/473

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է, ունի իր առանձնությունները, իր պատմությունը և իր ավանդությունները, որոնք իր համար նույնքան սուրբ են, որքան սուրբ է ազգային ինքնուրույնությունը: Թե իր նախնիքը թողել են իրան մի կտոր հող. դա իր նվիրական ժառանգությունն է. այն հողը պետք է մշակել և նրանով քաղցր ու հանգիստ վարե իր կյանքը:

Ես կհայտնեմ քեզ միմիայն Վանա նահանգի, կամ հին անունով Վասպուրականի, վիճակագրությունը, և կտեսնես, թե ժողովրդի հետ համեմատելով, որքան մեծ տեղ է բռնում եկեղեցական տարրը իր վանքերով և մենաստաններով»։

Նա հանեց իր ծոցից մի փոքրիկ հիշողության գրքույկ և սկսեց կարդալ.

«Վանա նահանգն ունի 24 գավառ, որոնք շրջապատում են Բզնունյաց ծովակի չորս կողմը։ Հիշյալ գավառների մեջ բազմաթիվ հայաբնակ և խառնաբնակ գյուղերից այժմ շեն մնացած են 1652-ը. նրանց մեջ բնակվում են 43,750 հայ ընտանիք, որոնք բաղկացած են մոտ 350,000 հոգուց։ Բացի գյուղաբնակներից, Վան քաղաքն ունի 20,640 հոգի հայ բնակիչ. կնշանակե՝ ամբողջ Վանա նահանգն ունի 370,640 հոգի հայ բնակիչներ։ Հիշյալ գյուղորայքում և Վան քաղաքում կան 382 եկեղեցիներ, որոնք ունեն 270 քահանա, կնշանակե՝ շատ գյուղեր զուրկ են եկեղեցուց, և շատ եկեղեցիներ քահանա չունեն, բայց կան այնպիսի գյուղեր, որոնք մի եկեղեցու փոխարեն ունեն մի քանիսը։ Դրա հակառակ, համեմատաբար շատ խոշոր բազմություն են կազմում կուսակրոն աբեղաները, վանքերը և մենաստանները։—Վանա նահանգն ունի 87 վանքեր, և մենաստաններ, որոնց մեջ բնակվում են 1,500-ի չափ եպիսկոպոսներ, վարդապետներ, ճգնավոր և մենակյաց աբեղաներ։— Այս բոլոր կրոնական հիմնարկությունների հանդեպ ամբողջ նահանգում չկա ոչ մի ժողովրդական դպրոց: Կան, արդարև, մի քանի վանքերի խուցերում փոքրիկ վարժարաններ, բայց նրանք պատրաստում են տիրացուներ և կրոնավորներ միայն, իսկ ժողովրդի հազարից մեկը անգամ գրագետ չէ։

Երևակայեցեք 87 վանքեր և մենաստաններ ու 1,500-ի չափ կուսակրոն աբեղաներ մի նահանգում,— դա մեծ քանակություն է։ Բայց առաջ ավելի բազմաթիվ են եղել վանքերը, նրանց շատերի ավերակներն են մնում այժմ, և շատերը բոլորովին անհետացել են։ Աբեղաների մասին նույնպես խոսում են, թե այժմ նրանց թիվը կիսով չափ պակասել է. բայց այդ մնացածները դարձյալ շատ