Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/526

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հատորում։ 1956 թվականին «Ղարիբ մշեցին» հրատարակվել է հեղինակի երկերի տասհատորյակի չորրորդ հատորում:

Կազմողները այս վեպիկը տպագրության նախապատրաստելիս հենվել են 1886 թվականին «Արձագանք»-ում տպագրված տեքստի վրա:

ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅԿԱԶՆ

«Պարույր Հայկազն»-ի գրության ստույգ թվականը նույնպես հայտնի չէ: Հեղինակը ինչպես «Սամվել»֊ի առաջաբանում, այնպես էլ «Վիպագրությունը ռուսահայերի մեջ» հոդվածում, խոսելով իր պատմական ստեղծագործությունների մասին` «Պարույր Հայկազն»֊ը հիշատակում է «Դավիթ բեկ»֊ից հետո և «Սամվել»-ից առաջ: Այս փաստարկումը հիմք է տալիս ասելու, որ Րաֆֆին «Պարույր Հայկազն»-ը գրել է 1883-84 թվականին, առավելապես 1884 թվականի սկզբում:

Րաֆֆու համար փաստական աղբյուր է հանդիսացել Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու և այլոց աշխատությունները։ «Մտնելով պատմության խորքերը,— ինչպես բնութագրում է հեղինակը, նա,— մոռացության վիհից ի լույս է հանում հայոց հին ժամանակների դեպքերը» և գրում է իր «Դավիթ բեկ», «Պարույր Հայկազն» և «Սամվել» անունով ստեղծագործությունները։

Ցանկանալով հայրենասիրությունը հակադրել կոսմոպոլիտիզմին «Պարույր Հայկազն»-ում, ինչպես խոստովանում է հեղինակը, Րաֆֆին կատարել է փոքրիկ անախրոնիզմ` Պարույրի և Խորենացու ժամանակները մոտեցնելով միմյանց։

Գրելով և տպագրելով «Պարույր Հայկազն»-ը` Րաֆֆին դրանով հարցը սպառված չի համարում։ Նպատակ ունենալով ավելի ընդարձակել այս թեման` նա վեպիկի վերջում դնում է մի այսպիսի ծանոթություն. «Մեր աշխատության միայն համառոտությունը տպվեցավ «Աղբյուր»-ի մեջ, իսկ նրա ընդարձակը կտպվի առանձին գրքույկով»։ Այս աշխատության, հեղինակի խոստացած «ընդարձակ» շարադրությունը գրվել է թե ոչ` մեզ չհաջողվեց պարզել:

«Պարույր Հայկազն» վեպիկը առաջին անգամ տպագրվել է 1884 թվականին «Աղբյուր» ամսագրի 1, 2, 3, 4, 5 և 6-րդ համարներում։ Այնուհետև 1892 թվականի «Աղբյուր»-ից Աննա Րաֆֆու կողմից այն արտատպվում է «Վեպիկներ և պատկերներ» ժողովածուի առաջին գրքում:

1894 թվականին Թիֆլիսում այս վեպիկը առաջին անգամ տպագրվում է առանձին գրքով, արժանանալով մամուլի ուշադրությանը: (Տե՛ս, «Արարատ», 1895 թ., էջ 77):

Մեր օրերում է «Պարույր Հայկազն»-ը տպագրվել է Հայպետհրատի կողմից ձեռնարկված Րաֆֆու երկերի 1949 թվականի հրատարակության առաջին հատորում։ Այնուհետև այս վեպիկը հրատարակվել է նաև հեղինակի երկերի տասհատորյա ժողովածուի չորրորդ հատորում (Երևան, 1956 թ.):

Տպագրության նախապատրաստելիս կազմողները հենվել են 1884 թվականին «Աղբյուր»֊ում հրապարակված տեքստի վրա: