Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ես ուզում — ունի։ Գա՛նա էդպիսի աղջիկը հալվա է, որ երբ ուզենաս բազառիցը առնես։

— Այդ ձեր ասածների դեմ ես վիճելու առիթ չունիմ, միայն ասում եմ, որ ես դեռ պսակվելու մասին չեմ մտածում։

— Էլ ի՞նչ բանի վրա պիտի մտածես, ասա՛, խնդրեմ. մեր քաղքումը ինչքան երևելի տղերք կան՝ Նատոյին մուշտարի են. ոչ մեկին չեն տալիս, ուզում են քեզ տալ, էնդուր համար, որ նրա հերը իմ լավ բարեկամս էր, ջեր դու զագրանիցումն էիր, որ մենք մեկ-մեկու խոսք տվեցինք, որ խնամի դառնանք։ Հիմի նա գնաց էն աշխարհքը, ես մնացի․ բա՛ ես իմ խոսքը չպիտի կատարեմ մի էդպիսի աղջիկը, մի այդքան հարստությունը պիտի թողնեմ ուրի՞շը տանե։

— Ես զարմանում եմ, հայր, որ դուք ձեր աչքի առջև ունիք այդ չնչին հաշիվները, որոնք ամուսնության մեջ ոչինչ նշանակություն չունին։ Դուք չեք մտածում մի բանի վրա, արդյոք Նատոն կարո՞ղ է ինձ սիրել, կամ ես կարող եմ նրան սիրել։

— Հա՛, կսիրե, կսիրե, երբ քո կնիկը դարձավ, իհարկե, կսիրե քեզ։

— Այդ խնդրի լուծումը այդքան հեշտ չէ։ Բայց նորից ես կրկնում եմ, թե դեռ պսակվելու նպատակ չունիմ ես,— պատասխանեց Բաքոսյանը, և դառնալով դեպի տիկին Շնորհաբաշխը, ասաց.

— Ներեցե՛ք, խնդրեմ, ես պիտի գնամ իմ սենյակը, մի քանի հյուրեր ունեմ այս գիշեր ընդունելու։

— Ա՜յ քեզ խե՜լք...— զարմանալով բացականչեց որդու գնալուց հետո Արտեմ Պավլիչը։


ԺԳ

Անցան մի քանի ամիսներ։

Բաքոսյանի մոտ լինում էին փոքրիկ ժողովներ, ուր հավաքվում էին մի քանի աղքատ ուսանողներ, մի քանի թափառաշրջիկ դերասաններ, բոլորը կյանքի հարվածների տակ ճնշված և մաշված երիտասարդներ։

— Զվէմն, զօր անարգեցին շինողքն՝ նա եղև գլուխ անկեան»,— ասաց մարդկության մեծ բարեկարգիչը— խոսեց մի օր Բաքոսյանը ժողովի մեջ։