ԱՆՄԵՂ ՎԱՃԱՌՔ
Ա
Ձմեռ էր:
Վաղորդյան արեգակը տխրությամբ սահում էր սև թուխպերի ետքում, երբեմն ամպերի ճեղքերից երկչոտ կերպով ցույց տալով յուր գունատ դեմքը, տարածում էր նա թույլ ճառագայթները նորեկ ձյունի վրա:
Օրը կյուրակի էր։ Զանգակները դեռ նոր էին սկսել հրավիրել բարեպաշտ ժամասերներին դեպի աստուծո տունը։ Մի տասներկու տարեկան տղա` ցրտից լրջացած դեմքով` միայնակ գնում էր նեղ մռայլոտ փողոցով։ Մաշված հագուստը չէր պաշտպանում նրան բուքի սաստկությունից. նա յուր սառած մատները երբեմն տաքացնում էր բերնի շոգիով, երբեմն յուր ծոցն էր դնում։ Ձյունը խշխշում էր նրա ոտքերի տակ, և պատառոտած կոշիկներից դուրս պրծած մատները, շատ անգամ հանդիպելով սրածայր սառույցի կտորներին, ծակծկվում էին, կտրատվում էին, և պատանին մոր մոքելով շարունակում էր յուր ճանապարհը։
Երկար այնպես դնում էր նա, մինչև հասավ մի հոյակապ տան, ուր նրան կից կառուցվում էր մի նոր շինվածք։ Հողի, քարի, կրի, աղյուսների և փայտերի անպիտան կտորտանքը դիզված էին նրա մոտ մի անկյունում խառն ձիերի աղբի հետ, որ դուրս էին ածել մերձակա ախոռատնից։ Քանի անգամ ոստիկանությունն ուշադրություն էր դարձրել այդ աղբանոցի վրա, բայց ոչ ոք չէր կամենում մաքրել նրան։