Պատանին մոտ գնաց ամբարտակին և երկչոտ կերպով յուր շուրջը նայելով, երբ տեսավ ոչ ոք չէ երևում, վեր բարձրացավ նրա վրա։ Նա սկսավ յուր սառած մատներով փորել հողը, քրքրել աղյուսների բեկորները և նրանց միջից հավաքել փայտի կտորտանք։ Մի ամբողջ ժամ տևեց այդ աշխատությունը, մինչև նա հավաքել էր բավականին փայտ։ Նա յուր ժողոված պաշարը լցրուց կտավի շորի մեջ, շալակն առավ և կամենում էր հեռանար
Հանկարծ փողոցի քարուղին որոտաց։ Փառավոր կառքը, դուրս գալով ախոռատնեն, կանգնեց հոյակապ տան դռանը։ Դուրս եկավ մի կարճահասակ, հաստլիկ մարդ, փաթաթված բաբորի և սամույրի մեջ։ Նա կամենում էր կառքը նստել, երբ աչքն ընկավ պատանու վրա։
— Էդ ի՞նչ ես տանում,—հարցրուց նա կոշտ կերպով։
— Փայտի կտորտանք է, աղա՛. ա՛յ էնտեղից հավաքեցի,—պատասխանեց պատանին` ցույց տալով աղբանոցի վրա։
— Էնտեղից հավաքեցի՞ր, կոչեց մեծատունը բարկությամբ, և նույն րոպեին նրա դեմքն ընդունեց վայրենի կերպարանք դե՛, վեր դի՛ր, ասում եմ քեզ, անպիտան. դե՛, շուտ, թե չէ՛...
-Իմ տունը քանդեցին, եղած-չեղածս տարան, ուզում են ինձ էլ իրանց պես աղքատացնեն...—ասում էր նա ինքն իրան զայրանալով։
Պատանին դողդողալով ցած դրեց շալակը, բայց չէր կամենում նրանից հեռանալ։ Նա մի ողորմելի հայացք ձգեց մեծատան երեսին, աղաչելով.
-Ա՛ղա ջան, թող տանեմ, մերս հիվանդ է, վառելու ոչինչ չունենք։
-Դու համարձակվո՞ւմ ես պատասխանել, դու, լակո՛տ, գո՛ղ, ավազակ—գոռաց մեծատունը։ —Մեխակ,—ձայն ավեց նա դեպի ետ նայելով։
Իսկույն հայտնվեցավ մի բարձրահասակ իմերել ծառա, մեջքը սեղմած արծաթի քամարով։
-Ա՛ռ դրանից փայտերը, -հրամայեց ծառային։
Իմերելը մոտեցավ, կամենում էր խլել փայտերը։ Խեղճ տղան. երկու ձեռքով պինդ բռնած յուր շալակից, չէր կամենում բաժանվել նրանից։ Նա արտասուքն աչքերում աղաչում էր. —Մերս հիվանդ է... թողե՛ք տանեմ...
Բայց իմերելի մի ապտակով տղան գետին գլորվեցավ, իսկ ծառան փայտերի հավաքածուն յուր տիրոջ խոհանոցը տարավ: