Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Կնկա խելքն էլ կարճ կըլի, ар ասել են՝ սուտ չէ,— ասաց Արտեմ Պավլիչը հեգնական ձևով։— Շատ լավ, երբ կխոստանա Նատոյին առնել, էն ժամանակ թող գա, ես նրան աչքիս լուսի պես կսիրեմ։

Տիկին Մարիամը չլսեց նրան և հեռացավ։

ԺԷ

Ուշադրություն չդարձնելով յուր ամուսնու խստասրտությանը՝ տիկին Մարիամը կանչել տվավ իրանց ծխատեր քահանային, տեր Կիրակոսին, և խնդրեց գնալ որդու մոտ, համոզել հոր հետ հաշտվելու։

Ոչ ոքին այնքան հայտնի չէ լինում մի քաղաքի զանազան մարդկանց բնակարանը, որպես տերտերներին։ Մի քանի ժամվա մեջ քահանան գտավ Բաքոսյանի անհայտ սենյակը։

— Այդպես չէ՛, պարոն Միքայել, աշխարհի կարգը,— ասում էր տեր-հայրը երկար խոսելուց հետո։— Ծերերի և ծնողների առջև պետք է միշտ խոնարհ լինել։ Սուրբ Ավետարանը ասում է. «հնազանդ լերուք ծնողաց ձերոց»։

— Այդ շատ լավ խոսք է, տեր-հայր, միայն սուրբ ավետարանը չէ ասում ծնողներին քաշել և հալածել իրանց որդոց համոզմունքը,— պատասխանեց Բաքոսյանը։

— Էլի պետք է հնազանդ լինել, որդի, նա հայր է, իսկ դու որդի ես, նա ծեր է, նա աշխարհ է տեսել, իսկ դու ջեհել ես, այնքան փորձված չես։

— Ի՞նչ կնշանակե, տեր-հայր, թե փորձված չեմ։ Խելքը և գիտությունը մազերի սպիտակության և սևության մեջ չեն։

— Թո՛ղ լինի․․․ առակն ասում է. «շատ ապրողը՝ շատ բան գիտե»։

— Շատ լավ, ասացե՛ք, խնդրեմ, ի՞նչ է ձեր միտքը։

— էն է, որ գաս, միասին գնանք, հորդ ձեռքը համբուրես և ձեզ հաշտեցնեմ։

— Ես իմ հոր հետ ոչինչ թշնամություն չունեմ. ես դարձյալ պատվում եմ նրան, որպես հայր․ միայն հաշտվել նրա հետ ես չեմ կարող։ Որովհետև, նա պահանջում է, որ ես կուրորեն հետևեմ նրա օրինակին, որ ես դառնամ նրա կյանքի շարունակությունը. այսինքն, մտածեմ այն, ինչ որ նա է մտածում, գործեմ այն, ինչ որ