Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տիկին Մարիամը կամենում էր պատասխանել, բայց Արտես Պավլիչը նրա խոսքը կտրեց.

— Սպասի՛ր, մի բան էլ ասեմ, տղեդ ուզում է մշակների համար փող հավաքե, նրանց կրեդիտ տա, որ նրանք էլ կարենան մեզ պես փոդրաթներ բռնել, զավոդներ բաց անել։ Շատ լավ։ Մշակն էլ աղա դարձավ, նա էլ։ Տեսնենք էն ժամանակ մեր աղբի քթոցը ո՞վ պիտի տանի դուրս ածե։ Հիմի քեզնից եմ հարցնում, Մարիամ, էդպիսի բաներ մտածող մարդուն կլինի՞ խելացի ասել։

— Ես ի՞նչ գիտեմ,— պատասխանեց Մարիամը,— կարելի է դագրանիցում էդպես են սովորեցնում։

— Հավատա՛, Մարիամ, ամենը հիմարություններ են դրանք։ Աստծու դրած կանոնները մարդը չէ կարող քանդել։ Աստված ձիուն ստեղծել է, որ մեր բեռը քաշե, շունը ստեղծել է, որ մեր տունը պահե, ոչխարին ստեղծել է, որ մեզ կերակուր դառնա, էնպես էլ մշակներին ստեղծել է, որ մեր աղբը դուրս ածեն, մեր տները շինեն, մեր հողը վարեն, մեկ խոսքով մեզ ծառայություն անեն։

Տիկին Մարիամը անհամբերությամբ լսում էր։

— Իմ Միշեն խելացի է, ես չեմ կարող նրան անխելք ասել,— խոսեց նա։

— Ասում ես, թե տղես խելացի է,— առաջ տարավ Արտես Պավլիչը։— Եթե նա խելք ունենա՝ Նատոյի նման աղջիկը, որ իր հետ մի խազինա է բերում իմ տունը, մի էդպիսի աղջիկ չի՞ ուզի նա։ Կասե թե նա ուրիշին է սիրում։ Սերը ո՞րն է. աղջիկը ում կնիկ դարձավ, նրա ապրանքն է։ Դե՛ ասա ինձ, Մարիամ, ես որ քեզ առեցի, դու ինձ սիրո՞ւմ էիր։

— Ես որ քեզ առա, չէի էլ իմանում, թե սերը ինչ բան է։

— Շատ լավ, մեր հերն ու մերը մեզ պսակեցին, հիմի ապրում ենք։ Նրանք էլ մեզ պես։

— Լա, էդունք թող մնան, հիմի ի՞նչ ես ասում, տղեդ չպիտի՞ տուն բերես,— հարցրեց տիկին Մարիամր անհամբերությամբ։

— Մի՛ շտապիր, ասացի քեզ, նա ինքը կգա, թող մի քիչ էլ տանջվի, էն վախտ իծաները գլխիցը ռադ կուլին, նա ինքը կդա, կրկնեց Արտեմ Պավլիչը սառնասրտությամբ։

Ամուսնու սառնասրտությունը չափից դուրս վշտացրեց տիկնոջ փափուկ սիրտը։

— Քո մեջ սիրտ չկա, ես գիտեմ,— ասաց նա արտասուքը սրբելով,— բայց ես առանց իմ որդուն չեմ կարող ապրել, ես նրան բերել կտամ։