Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր համարում իրան, և այդ էր պատճառը, որ նրա ծանրությունը չէր զգում, և նրա ստորացնող և մարդկային՝ ավելի վայելուչ ձգտումները մեռցնող նշանակությունը չէր հասկանում։

Ապականության և աղբի ներքո մեջքը ծռել,— այդ մի տաժանական աշխատանք է, որ վիճակվում է հայոց զավակներին պանդխտության մեջ։

Օհանի մեջ կար եռանդ, կային ձգտումներ, կային և հարուստ ընդունակություններ։ Ոչ միայն «փարա» վաստակելու փափագը, այլ մի ներքին բնազդում մղում էր նրան մի մթին, անորոշ նպատակի հետևից, որի ինչ լինելը ինքն էլ չգիտեր։ Ո՞վ գիտե, եթե ճակատագիրը նետեր նրան մի այլ ասպարեզի վրա, գուցե նա ավելի հաջողություն կունենար, քան թե այժմ յուր կթոցի ներքո։

Այժմ, գնալով Ղալաթիայի երկար փողոցի միջովը, Օհանն ուրիշ բանի վրա չէր մտածում, նրա գլխում պտտվում էին տիկնոջ խոստացած երկու ղուրուշը միայն։ «Երկու ղուրու՜շ, երևակայում էր նա, քիչ փող չէ․․․ Բայց ի՞նչ պետք է լինի այդ բարեսիրտ կնոջ ինձ հանձնելիք բանը... ի՞նչու պետք է գիշերով գցել ծովը... Ինչ էլ որ լինի, իմ այս շալակից ծանր չի լինի... ճշմարիտ է, նա մի քանի փարա ավել տվեց, բայց քսան փարայից ավելի բեռնեց»։

Փողոցի անցուդարձը, խուռն բազմության ընդհարումները սաստիկ էին։ Բայց Օհանը բախտավոր էր, որ նրա կթոցին ոչ ոք չէր համարձակվում դիպչել, իրան չկեղտոտելու համար։

Նա հասավ ծովի ափը, երբ օրից բավական անցել էր։

Այդ այն ամայի, անբնակ ափերից մեկն էր, որ ծառայում էր քաղաքի անմաքրությունների համար։ Ծույլ չոփչիները, ձանձրանալով բերած աղբը ծովը նետել, այնպես թափել էին եզրի մոտ ու ետ դարձել։ Այսպիսով կազմվել էին ամեն տեսակ ապականությունների այն մեծ բլրակները, որոնց գարշահոտությունը մարդ էր խեղդում։ Բայց Օհանը ծույլ չէր. նա բարձրացավ կույտերից մեկի վրա և յուր կթոցի մթերքը խիստ վարպետությամբ նետեց ծովի մեջ։ Ալիքները խլեցին նրան և մի քանի վայրկյանից հետո կրկին ժայթքեցին դեպի դուրս։

Գեղեցիկ Բոսֆորի այդ ափը ներկայացնում էր զանազան հակապատկերների մի տխուր խառնակություն։ Այստեղ, մերձակայքում, նշմարվում էին ձկնորսների մի քանի խղճուկ տաղավարների, իսկ այնտեղ, մի քանի քայլ հեռավորության վրա, բարձրանում էր այս կամ այն փաշայի ծովեզրյա ապարանքը։ Այստեղ, աղբանոցի ընդարձակ տարածության վրա, ամբողջ օրը թավալվում էր