Օհանը հեռացավ, նրա հետևից դուռը փակվեցավ։
Ոչ այնքան տիկնոջ օրհնությունը, որքան նրա ընծայած հինգ ղուրուշը Օհանի ոտներին մի առանձին զորություն բաշխեցին: Նա վազում էր դեպի ծովեզրը՝ բավական արագ քայլերով։ Տիկինն այն աստիճան սարսափելի գույներով նկարագրել էր յուր կատվին, որ միամիտ պատանին մինչև անգամ զգուշացավ ճանապարհին շոշափել նրան, մի՛գուցե աչքերը բացվեին, փողոցները սովորեր և մյուս օրը հայտնվելով տիկնոջ տանը, ինքն ամաչեր և սևերես մնար նրա մոտ։
Օհանը հավատարիմ էր յուր խոստմանը։ Քառորդ ժամից հետո հասավ ծովեզերը: Քամին փոքր-ինչ հանդարտվել էր և Բոսֆորն այլևս առաջվա նման չէր ալեկոծվում: Հետ ընկած լուսինը մի առանձին թախծությամբ լուսավորում էր ամայի ափերը, որ տակավին ընկղմված էին գիշերային մռայլի մեջ։ Իսկ անհագ ձկնկուլը յուր սուր ձայնով երբեմն խռովում էր տիրող լռությունը։
Օհանը որքա՛ն և պարզամիտ էր, որքա՛ն և անփորձ էր, բայց դարձյալ մտածելու ընդունակությունից բոլորովին զուրկ չէր։ Նա մտածեց կատվի բերանը բաց անել, որպեսզի ջուրը հեշտությամբ ներս վազե և շուտով խեղդե,— իսկ ոտները և մարմնի մյուս մասերը թողնել այնպես, որպես կապել, փաթաթել էր տիկինը, որ կատուն լողալ և ջրից դուրս գալ չկարողանա։
Վերջին գործողությունը կատարելուց հետո, նա փաթոթը ձգեց ծովի մեջ։ Սառը ջրի ազդեցությունը ներգործեց նրա վրա և լսելի եղավ մի սաստիկ ճիչ։ Օհանը ամբողջ մարմնով սոսկաց։ Ճիչը կատվի մլավյունի նմանություն չուներ. նա ավելի նման էր նորածին մանուկի լալու ձայնին։ Սարսափած պատանին իսկույն նետվեցավ ջրի մեջ։ Փաթոթը, մանուկ Մովսեսի զամբյուղի նման, լողում էր ջրի երեսին։ Ալիքները մերթ մոտեցնում էին նրան եզերքին և մերթ տանում էին իրանց հետ։ Օհանը մի հմուտ լողորդ էր, Եփրատի ծոցում սովորել էր նա վարվել ջրի հետ որպես մի ձուկն։ Մի ակնթարթում մոտեցավ կապոցին, ձեռքը մեկնեց, և փոքր էր մնում, որ ալիքների մի նոր հորձանք տաներ նրան ջրի տակը, բայց նա իսկույն բռնեց և մի քանի վայրկյանից հետո, կապոցը ձեռին, սկսեց լողալ դեպի ցամաք։ Դուրս գալով ափի վրա, նա իսկույն արձակեց թրջված շորերը, բայց որքան մեծ եղավ նրա զարհուրանքը, երբ փաթոթի մեջ գտավ մի նորածին աղա։
Օհանի խիղճն արթուն էր. նա իսկույն զգաց, որ ինքը մի մեծ