Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իրավացի էր։ Ամբողջ գործարանը լույս և օդ էր ընկնում միայն դռնից, ուրիշ լուսամուտ չկար. առաստաղից թեև երդիկ էր բացված, բայց այնտեղից հով չէր փչում։ Ես վեր կացա և ոտքի վրա կանգնած մնացի։ Լռությամբ նայում էի։ Գործիքների ձայնը մի այնպիսի աղմուկ էր բարձրացրել, որ անկարելի էր մի բան խոսել։ Մի կողմում սղոցում էին, մյուս կողմում տաշում էին, մեկը ռանդա էր տալիս, մյուսը շաղափով ծակում էր, մի խոսքով ոչ ոք անգործ չէր։ Անգործը միայն ես էի։ Իմ դրությունը շատ հիմար էր։ Նայեցի, նայեցի, և վերջապես ձանձրացա և դուրս եկա։

Գալով սրահը, որտեղ ճաշեցինք մենք, ոչ ոքի չգտա։ Ասլանը և վարպետ Փանոսը դեռ չէին վերադարձել։ Միայն հատակի սփռոցները, առաջվա կարգով, դեռ իրանց տեղում էին։ Ես մոտեցա, պառկեցի նույն մինդարի վրա, ուր ճաշի ժամանակ նստած էր Ասլանը։

Սրահի միջով ես նայում էի դեպի ընդարձակ պարտեզը։ Նա բաժանված էր սրահից փայտյա ցած վանդակապատով միայն։ Ծառերը այն աստիճան սերտ կերպով գրկված էին միմյանց հետ, որ ես շատ հեռու չէի տեսնում։ Ավելի քան տերևները, նրանց ճյուղերը ծանրաբեռնված էին հասունացած պտուղներով Արեգակը կրակ էր թափում։ Նրա ջերմությունից ամեն մի ծառ, ամեն մի թուփ, ամեն մի պտուղ, ամեն մի խոտ և ծաղիկ լցել էր օդը ախորժելի անուշահոտությամբ. Ես սիրում էի այդ մեղմ, քնաբեր անուշահոտությունը, որ բուրում է ծառաստանը, ոգևորված միջօրեի ջերմությունից։ Բայց իմ քունը չէր տանում։ ճնճղուկները, թաքնված տերևների խտության մեջ, լուռ մրափում էին։ Ծիծեռնակը, որ սրահի ձեղունի գերաններից մեկի կողքին կպցրել էր իր բաժակաձև բույնը, նա էլ, իր ճտերի մոտ թառած, քաղցր թմրության մեջ նիրհում էր։ Իսկ ես քնել չէի կարողանում։

Ինձ տանջում էին զանազան մտածություններ։ Մինչև այն օր տեսած, լսած, հասկացած, չհասկացած առարկաների կատարյալ խառնաշփոթությունը ամբարված էր իմ գլխում։ Այդ մռայլ քաոսից ոչինչ ելք գտնել չէի կարողանում։ Ո՞րտեղից էի գալիս, ո՞ւր էի գնում, ի՞նչ նպատակների էի ձգտում, ո՞ւր կտանեին ինձ այդ թափառումները,— ինձ բացատրել չէի կարողանում։ Ես խարխափում էի անստուգության և անգիտակցության և խավարի մեջ։ «Լավ է, մտածում էի ես, ամենևին չհավատալ, քան թե կիսով չափ հավատալ»... Բայց մի զգացմունք միայն ինձ հաշտեցնում էր իմ անորոշ վիճակի հետ,— դա էր այն ջերմ սերը, որ ես ունեի