Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այնտեղ է, ներսում, շատ, ներսում... Հայրիկը չէ թողնում, որ դուրս գա։

Այդ միջոցին երկու աղավնիներ իջան, նստեցին սրահի վանդակապատի վրա։ Տեսնելով նրանց, փոքրիկը իսկույն մոռացավ այն ցավը, որ զգում էր իր սիրելի մոր մասին։ Նա խորամանկ կերպով նայեց իմ երեսին, աչքերը ծռմռեց, և նշաններով հասկացրեց ինձ, որ սուս կենամ։ Իսկ ինքը կուզեկուզ սկսեց մոտենալ թռչուններին։ Նրանք ավելի զգույշ գտնվեցան, և նկատելով փոքրիկ դարանակալին, թռան, բայց շատ հեռու չգնացին, նստեցին բակի մեջ, մի կտրած ծառի բունի վրա: Մանուկը շարունակեց հետամուտ լինել, և մի քանի րոպեից հետո, թե աղավնիները և թե նա այլևս չերևացին։ Ես խիստ սակավ անգամ տեսել էի մի այնպիսի աշխույժ և կայտառ երեխա։

«Տան գաղտնիքը երեխայից հարցրու», ասում է հայտնի առածը։ Հիմա ես աղոտ կերպով հասկանում էի, թե ինչու չէր երևում մեր տանտիկինը։ Անտարակույս մի պատճառ պետք է լիներ, որ նրան թաքստի մեջ էին պահում։

Երևում էր, որ Ծովիկը խնձորի ծառից տեսել էր ինձ։ Վերադառնալով պարտեզից, մի գամբյուղի մեջ բերեց ինձ համար մրգերի ամենաընտիր տեսակներից և, ամբողջ զամբյուղը դնելով իմ մոտ, ասաց.

— Որից որ սիրում ես, նրանից կե՛ր։

— Բոլորը լավ է, քո քաղածը վատ չի լինի,— պատասխանեցի ես, նայելով ուղիղ նրա արևի ջերմությունից շառագունած երեսին։

Նա ժպտաց, և հեռացավ, երբ նկատեց, որ Ասլանը վերադարձավ իր հոր հետ։ Տեսնելով իմ մոտ դրած զամբյուղը, նրա հայրը ասաց ինձ.

— Դուք, փոքրիկներդ, ավելի բախտավոր եք մեզանից, որ աշխարհի դարդերը չեք հասկանում...

Հետո նա դարձավ դեպի Ասլանը։

— Տեսնո՞ւմ եք ինչպես ջահելները միմյանց հարգել իմանում են. այդ պտուղները անպատճառ Ծովիկի քաղածը պետք է լինի։

Նրանք մտան սրահի մեջ բացվող դռնից և երկար ժամանակ մնացին ներսի սենյակներում, Երբ Ասլանը դուրս եկավ, նրանից հարցրի.

— Ի՞նչ կար այնտեղ,

— Մի հիվանդ կար...— պատասխանեց նա, էլ չխոսեց: