Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարծես մի աներևույթ զորություն ինձ պինդ բռնած ուներ։ Երկար մենք տարուբերվում էինք ջրային տարերքի մեջ, բայց զորությունը ինձանից չէր բաժանվում։

Այդ զորությունը ինձ դուրս հանեց կդպու վրա, բոլորովին անզգայացած և կիսաշունչ դրության մեջ։ Եվ դա ուրիշ ոչ ոք չէր, բայց միայն իմ ազատիչը, իմ բարեկամը — Ասլանը։ Երբ աչքերս բաց արի, երբ փոքր-ինչ ուշքի եկա, ինձ մի խումբ աբեղաներից շրջապատված գտա։ Նրանք անդադար փառք էին տալիս աստծուն, որ ազատվեցանք։

ԺԱ

ԿՏՈՒՑ ԱՆԱՊԱՏ

Աբեղաները մեզ տարան իրանց վանքը և հանգստացրին։ Խուցերից ամենահարմարը պատրաստեցին մեզ համար, իսկույն կրակ վառեցին, տաքացանք և սկսեցինք բուխարու առջև մեր հագուստները չորացնել։ Բերզեն-Օղլին չեկավ մեզ հետ, նա մնաց կղզու ափերի մոտ՝ տեսնելու թե ի՞նչ եղավ իր նավակը։ Ասլանը նրան ոչինչ չասաց, գոն իբրև բժիշկ չարգելեց նրան, որ այնպես թրջված հագուստով կարող էր հիվանդանալ, մանավանդ որ մրրիկը դեռ չէր դադարել և սաստիկ ցուրտ քամի էր փչում։ Եվ եթե մի բան ասելու լիներ, նա հազիվ թե կլսեր բժշկի խորհուրդը։ Նրա սիրելին, նրա նավակը չկար։

Ոչ մի անգամ կրակը ինձ այնքան ախորժելի չէր երևացել, որպես այնօր, չնայելով որ քամին բուխարու երդիկից փչում էր, և փոքրիկ խուցը լցված էր ծխով։ Ես ամբողջ մարմնով դողում էի, բայց ջերմությունը ինձ նորից կյանք տվեց։

Երբ ես բավական զգաստացած էի զգում ինձ, իմ առաջին հոգսը եղավ տեսնել, արդյոք Ծովիկի տված կոտրած սանդրը ինձ մո՞տ էր, թե մնացել էր ծովի մեջ։ Ո՜րքան մեծ եղավ իմ ուրախությունը, երբ ձեռքս տարա ծոցս, տեսա սանդրը իր տեղումն էր։ Այդ ժամանակ Ասլանն էլ ձեռքը տարավ իր ծոցը, բայց դուրս հանեց մի այլ բան։ Դա նորին սրբազնության առաջնորդի, հանձնարարական թուղթն էր, որի գրությունը թրջվելով, համարյա թե եղծվել էր։ Նա տվեց այդ թուղթը աբեղաներից մեկին, որ մնացել էր մեզ մոտ սպասավորելու և ասաց.