Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մենք վերջին անգամ հայացք ձգեցինք «անհանգստից» վանքի վրա և հեռացանք։

— Ի՞նչպես երևաց քեզ այդ վանքը,— հարցրի Ասլանից։

— Անապատական մոլեռանդությունը, ճգնավորական կյանքը,— ասաց նա,— այլանդակեց մեր վանական կարգերը, որոնք, իրավ, իրանց ժամանակին ունեցել են իրանց մեջ շատ մարդասիրական սկզբունքներ։ Անապատականների շնորհիվ ինչպես մեր վանական կյանքը այլանդակվեցավ, այնպես էլ այլանդակվեցավ և հայկական գեղեցիկ ճարտարապետությունը, որ պահպանված էր գլխավորապես վանքերի շինվածքների մեջ։ Աղքատություն և անշքություն սիրելով, անապատականները բավականացան անշուք խցիկներով, և խստակեցությամբ սպանելով իրանց մարմինը, սպանեցին միևնույն ժամանակ և արհեստը։ Նայեցեք ինչ բանի են նման այդ ողորմելի շինվածքները, այդ տխուր անապատը...

Բերզեն-Օղլուն՝ մեր հյուրընկալ աբեղայի հետ՝ գտանք ծովի ափի մոտ։ Այնտեղ պատրաստ էր վանքի նավակը, որ մեզ պիտի տաներ դեպի ցամաքը։ Մենք նստեցինք, նահապետական նավակը երկու ժամից հետո մեզ հանեց «դրսի տունը», որ գտնվում է կղզու հանդեպ, նրա հյուսիս-արևելյան ցամաքի վրա։ Վանա ծովակի մեջ գտնվող մյուս կղզիները ևս՝ Լիմ և Աղթամար, որոնց մեջ ճգնավորների անապատներ կան, այսպիսի «դրսի տներ» ունեն։ Այստեղ է կենտրոնացած վանքի ամբողջ տնտեսությունը։ Այստեղ են բնակվում մշակները, որ մշակում են վանքապատական ընդարձակ հողերը։ Այստեղ են պահվում վանքի բազմաթիվ անասունները իրանց հովիվներով և նախրապաններով։ Այստեղ է վանքի գլխավոր հարստությունր։ Այստեղ աբեղաները կանանցից չեն խորշում. նրանք են թխում հացը, նրանք են պատրաստում կերակուրներ վանքի բազմաթիվ բանվորների համար, նրանք են կթում ոչխարները, պանիր են մակարդում, յուղ են պատրաստում, նրանք են մանում բուրդը և նրանից հայր սուրբերի համար հագուստ պատրաստում։ Այստեղ կյանք կա։ Այստեղ, «դրսի տան» մեջ, գործում են, իսկ այնտեղ, ներսի տան մեջ,— անապատում,—միայն աղոթում են։

Մեզ ընդունեց «դրսի տան» տնտես-մատակարար աբեղան, ի բավական ուրախ, զվարճախոս անձն, և հրավիրելով իր սենյակը, ասաց․

— Գնանք, գիտեմ, այնտեղ ձեզ քաղցած պահած կլինեն, գնանք մի բան ուտենք։