Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փոխադարձ են։ Եվ այդ պատճառով, անկարել է չնկատել այն սպանիչ, վհատեցուցիչ ազդեցությունը, որ գործում է անապատը իր շրջապատող ժողովրդի վրա, մանավանդ երբ այդ ժոդովուրդը գտնվում է մտավորապես ստոր զարգացման մեջ։ Գործունեությունը, եռանդը, աշխատանքը, սերը դեպի կյանքը՝ դադարում է այնտեղ, տիրում է ընդհանուր մեռելություն, և վանքը իր շրջակա բնակիչներով ներկայացնում է մի ընդարձակ անապատ... Այդ կետից նայելով, անապատների թվից կարելի է իմանալ մի Ժողովրդի թե՛ զարգացման աստիճանի և թե՛ գործունեության չափը։ Եվ որովհետև իմ պատմությունը ամփոփվում է միայն մի նեղ շրջանակի մեջ,— այն է՝ Հայաստանի նշանավոր նահանգներից մեկը՝ Վասպուրականը, — ես ցույց կտամ, թե այդ նահանգում մի ժամանակ որքան վանքեր ու անապատներ կային, և նրանց թվից կարելի է եզրակացնեք այն մահացու և ծանր հիվանդությունը, որ այդ նահանգի անկման պատճառ դարձավ։

Վասպուրականը Արծրունի նախարարների սեփականությունն էր։ Տասներորդ դարու սկզբում Արծրունի իշխանները այն աստիճան զորացան, որ նրանցից մեկը, Գագիկը, ապստամբվեցավ Բագրատունյանց թագավորության դեմ, և դավաճանությամբ ստացավ արաբական ոստիկան Յուսուֆից արքայական թագ։ Նրա հիմնած դժբախտ թագավորությունը տևեց հարյուր տարուց մի փոքր ավելի և ունեցավ վեց թագավորներ միայն։ Դրանցից վերջինը, Սենեքերիմը, սաստիկ հարվածներ կրելով նույնիսկ արաբացիներից և ապա թուրքերից, չկարողացավ երկար դիմանալ և 1021 թվին, իր հաճությամբ, իր տերությունը հանձնեց հունաց Վասիլ կայսրին, և նրա փոխարեն ստացավ կայսրից Սեբաստիա քաղաքը իր գավառներով։ 14.000 ձիավորներով գահազուրկ թագավորը տեղափոխվեցավ իր ստացած նոր երկիրը բնակության համար։ Վասպուրականը դարձավ հունական նահանգ։

Այն բոլորը, ինչ որ Սենեքերիմը ցուցակով հանձնեց հույներին, հետևյալն էր. 10 քաղաք, 72 բերդ և 4.400 գյուղ։ Նա չհանձնեց հույներին միայն վանքերն ու անապատները, որովհետև դրանք աստծո և ժողովրդի սեփականությունն էին։ Վանքերի թիվը հասնում էր 900–ի, որոնցից 115–ը մեծամեծ մենաստաններ էին։ Համեմատեցե՛ք, թագավորությունն իր երկրի պահպանության համար ուներ միայն 72 բերդ, իսկ աղոթելու համար՝ 900 վանքեր, լի բազմաթիվ կրոնավորներով, որ միշտ քարոզում էին աշխարհի ունայնությունը...