Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մենք շտապեցրինք մեր ձիաներին։ Երեխաները, որոնց թվում կային և մի քանի հասակավոր պատանիներ ևս, դեռ չէին դադարել նրանց չարչարելուց։ Ես իսկույն հասկացա այդ ստահակների զվարճության նպատակը։ Ես էլ նրանց նման շատ անգամ բոշա կանանց ետևից ընկած եմ եղել, երբ նրանք անց էին կենում մեր գյուղի միջով։ Գաղտագողի կերպով մոտենում էի և կժմտում էի նրանց մարմնի միսը։ Թե՛ ես և թե՛ իմ ընկերները հավատացած էինք, որ բոշա կնոջ մարմինը կախարդական զորություն ունի, և եթե նրա մարմինը մատնեքով կժմտենք, նույն զորությունը կհաղորդվի մեր ձեռքին, և մեր ձեռքը այնուհետև անխոցելի կլինի ամեն տեսակ զենքի առջև, որի հարվածները երբեք չեն ներգործի նրա վրա, և նա միշտ հաջողակ կլինի կռվի ժամանակ։

Մեր մոտենալը ամենևին չզսպեց անպատկառ ստահակների հիմարությունները։ Երբ մեզ տեսան նրանք, կարծես մի տեսակ խրախույս ստացան, և հավաքվելով միասին, փորձեցին խմբով հարձակում գործել։ Այդ միջոցին տեղի ունեցավ մի շատ սրտաշարժ տեսարան։ Փոքրիկ Հյուբբին կանգ առեց, իր սպառնալից դեմքը դարձրեց դեպի խումբը և, ձեռքի թեթև գավազանը բարձրացնելով, ասաց,

— Կանիծե՜մ, և դուք ամենքդ քար կդառնաք․..

Ես չկարողացա առանց սոսկալու նայել նրա հրաբորբոք աչքերի բարկությանը։ Փոքրիկ կախարդի սպառնալիքը այն աստիճան ահարկու էր, որ թեև երեխաները քար չդարձան, բայց բոլորովին անշարժ մնացին, աղմուկը դադարեց և մի քանի րոպեից հետո բոլորը ցրիվ եկան և հեռացան։ Տեսնելով մեզ, պառավը և Հյուբբին ինչ—որ անծանոթ լեզվով խոսեցին միմյանց հետ։ Հետո Հյուբբին իր սովորական նազելի ժպիտը երեսին, մոտեցավ Ասլանին և իր ձեռքի փոքրիկ գավազանը բարձրացնելով ասաց.

— Գնի՛ր, պարոն, այդ գավազանը, դա դյութական զորություն ունի։

— Ես քեզ կզրկեմ քո զենքից, փոքրիկ վհուկս,— ասաց Ասլանը նույնպես ժպտալով։

— Ես մի ուրիշը կշինեմ։ Այդ ևս իմ շինածն է։

Ասլանը առեց նրա ձեռքից գավազանը և ընծայեց մի ոսկի։ Փոքրիկ վհուկը գլուխ տվեց և շնորհակալությամբ հեռացավ։ Մենք անցանք, առանց ցույց տալու, որ ճանաչում ենք նրանց, և որպես նրանք ևս ցույց չտվին, թե ճանաչում են մեզ։