Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նա փոքր-ինչ տաքացած կերպով,— հային խլելով իր ազգային եկեղեցու գրկից, դարձնում են նրան բողոքական քուրդ, և ավելի ոչինչ:

— Դրանում ի՞նչ զարմանալի բան կա,— հարցրեց Սագոն, գլուխը վեր բարձրացնելով և ուղիղ երիտասարդի երեսին նայելով։— Դուք մի րոպե առաջ ասեցիք, թե տեղային հայերը կորցրել են իրանց մայրենի լեզուն, խոսում են քրդերեն, կորցրել են իրանց ազգային առանձնահատկությունները և ապրում են քրդական սովորություններով,— այլևս ի՞նչ իրավունքով դուք նրանց հայեր եք կոչում։ Նրա համա՞ր միայն, որ պատկանում են լուսավորչական եկեղեցուն։ Հենց դրա մեջն է սխալը, որ ձեզ սխալ եզրակացություն է հասցնում։ Այն օրից, որ նրանք դադարեցին հայերեն խոսելուց, դադարեցին և հայ լինելուց։ Նրանք դարձան լուսավորչական քրդեր։ Շատ հասկանալի է, որ լուսավորչական եկեղեցիից դուրս գալով և մտնելով բողոքական եկեղեցին, կդառնան բողոքական քրդեր, և եթե բողոքական եկեղեցին նույնպես թողնեն և մտնեն, օրինակ, բուդդայական եկեղեցին, կդառնան բուդդայական քրդեր։

Երկու երիտասարդները զարմացած կերպով նայեցին միմյանց երեսին։ Սագոն շարունակեց.

— Նույն բանը պատահեց և հարավային Միջագետքի այսինքն Մերդինի, Մուսուլի և Բաղդադի կողմերի արաբախոս հայերի հետ։ Նրանք ևս կորցրել էին մայրենի լեզուն, ապրում էին արաբական սովորություններով, խոսում էին արաբերեն և իրանց հայ էին համարում նրանով միայն, որ պատկանում էին լուսավորչական եկեղեցուն։ Երբ կաթոլիկությունը նրանց մեջ մտավ, դադարեցին իրանց հայ կոչել և դարձան կաթոլիկ արաբներ: Ոմանք նրանցից քիլդաներեն էին խոսում, կաթոլիկությունը ընդունելուց հետո, խառնվեցան քիլդանի կաթոլիկների հետ։

Խոսակցությունը տևեց բավական երկար. առարկան շատ մոտ էր որպես երկու երիտասարդների սրտին, նույնպես և Սագոյի համար։ Բացի դրանից, կրոնափոխությունը դարձել էր հայերի համար մի ընդհանուր, հասարակական հարց։ Օտարազգի քարոզիչները, կաթոլիկ, բողոքական, եզվիտ, ամեն կողմից մուտք էին գործել հայերի մեջ, տարածվել էին զանազան քաղաքներում և գյուղերում։ Դպրոցներ և ժողովարաններ էին հիմնում։ Ժողովուրդը ընդհանուր խմորման մեջ էր։ Ոմանք դրամի համար, որ քարոզիչները բաշխում էին իրանց նոր հավատացյալներին, ոմանք մահմեդականների