— Այդ ես վաղուց սպասում էի։
Տիկինը տվեց Ասլանին մի նամակ, որի կարդալու միջոցին, դեմքը բոլորովին այլայլվեցավ, հետո իր սովորական սառնասրտությամբ հարցրեց.
— Այդ նամակը ի՞նչպես ընկավ քո ձեռքը։
Տիկինը պատմեց, թե մի քանի օր առաջ փաշայի քարտուղարը բերեց իր ամուսնի մոտ այդ նամակը և հանձնեց նրան, փաշայի կողմից պատվիրելով, որ ամեն հնարներ պետք է գործ դնել, որպեսզի գտնվի նամակի մեջ նկարագրված անձը։ Իսկ տիկինը՝ գաղտնի լսում էր նրանց խոսակցությունը, և իսկույն հասկացավ, թե գործն ումն էր վերաբերում, և ամուսնու բացակայության ժամանակ նրա թղթերի միջից վեր առեց նամակը։
Նամակը գրած էր տաճկերեն լեզվով, նրա բովանդակությունը մոտավորապես այս էր, թե սուրբ տիրամոր տոնախմբության ժամանակ հայտնվեցավ մի աբեղա, որ լեռնային ճգնավորի կերպարանքով թափառում էր ուխտավորների մեջ։ Հետո կեղծ ճգնավորը, վանեցի վաճառականի ձևի մեջ մտած, գնաց եզիդիների ցեղապետի վրանը, նրա մոտ մնաց մի ամբողջ օր (եզիդիների ցեղապետը հայտնի թշնամի է կառավարության)։ Այնտեղից դուրս գալուց հետո, նա անհայտացավ, բայց նամակագիրը շատ հավանական էր համարում, որ անպատճառ Վան եկած պետք է լինի։ «Խաբեբան դավադիրների մի մեծ խմբի գլխավոր անդամներից մեկն է, որոնք ամեն տեղ խռովություն են սերմանում։ Այդ անիրավները չափազանց հանդուգն և ճարպիկ մարդիկ են, որոնց անձնանվիրությունը իրանց գաղափարին հասնում է վերին աստիճանի մոլեռանդության, և այդ պատճառով, ավելի վտանգավոր են։ Եթե Վան եկած լինի, նա անպատճառ մի որևիցե նոր կերպարանքի մեջ մտած պետք է լինի»։ Հետո ավելացրած էր։
«Իմ այս տեղեկություններով ես գլխավորապես պարտական եմ սուրբ Տիրամոր վանքի վանահայր Կարապետ վարդապետին, որը մեր հավատարիմն է և անձամբ ձերդ վսեմության ծանոթ։ Դա միևնույն անձնավորությունն է, որին անցյալ տարի դուք պատվեցիք, պարգևելով մի թանկագին մուշտակ։ Նա ինքը մի բարեբախտ դիպվածով կարողացել էր երևան հանել գաղտնիքը, երբ խաբեբան արդեն այստեղից հեռացել էր։ Ես անմիջապես մարդիկ ուղարկեցի նրան կալանավորելու, բայց իմ մարդիկ դժբախտաբար նրա հետքը կորցրել էին»։
Նամակը ուղղված էր Վանի նահանգապետ փաշային և ստորագրված